Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դաղստանի Խասավյուրտ քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի:
55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (96 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տղաներից և՛ գոհ է և՛ դժգոհ:
«Այստեղ իրոք մրցակցությունը մեծ էր: Դժգոհություններ և թերություններ կան, բայց նաև կան մարզիկներ, որոնցից գոհ եմ: Օրինակ` Գևորգ Մխեյանը, ով Հայաստանի առաջնությունում երրորդ տեղ էր զբաղեցրել, այստեղ 4 հաղթանակ տարավ և 2 պարտություն: 66 կգ քաշային կարգում 44 ըմբիշներ կային: Գևորգն իրեն լավ դրսևորեց: Ինչ վերաբերում է ծրագրերին՝ մայիսի 21-ից ուսումնամարզական հավաքի կմեկնենք Ծաղկաձոր»,-նշեց Վարդանյանը:
Մրցաշարին, որը կայացել է մայիսի 8-10-ը, մասնակցել են 180 ըմբիշներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին