ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՉԻ ԴԺԳՈՀՈՒՄ

11:37 - 23 Հոկ, 2024

Տիրանայում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի պատվիրակներից գերազանց մրցելույթներ ունեցավ Հայկ Խլոյանը / 97 կգ /, որը նվաճեց չեմպիոնի կոչումը: Այդ առթիվ շնորհավորեցինք նրա անձնական մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իստիտուտի դասախոս, դոցենտ,  վաստակավոր մարզիչ Կամո Կիրակոսյանին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկը շնորհալի, ինչպես ասում են ՝ << չափված – ձևված >>  երիտասարդ է: Ծնվել է Վարդենիսում և վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է մայրաքաղաք: Սովորում է ֆիզկուլտուրային մայր բուհում:  Նա աստիճանաբար հարստացնում է իր մրցափորձը: Երբեմն գոտեմարտել է անվանիների հետ: Օրինակ, հենց այս  մրցումների կիսաեզրափակիչում ՌԴ –ի հանրահայտ ըմբիշ Մուրթազալիևին հաղթեց չափազանց դժվարին պայքարում: Հայկը եզրափակիչում ծնկի բերեց Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից,   բելառուսցի Աբուբաքար Խասլախանաուին՝  11:6:

Մինչև եզրափակիչ հասնելը մրցակիցներին ոչ մի միավոր չտվեց  երևանցի բանակային  Շանթ Խաչատրյանը / 71 կգ /։ Ծնունդով աշտարակցի այդ մարզիկը եզրափակիչում, ավաղ,  պարտվեց վրացի մրցակցին / 1 : 3 / և դարձավ արծաթե մեդալակիր: Անշուշտ,  վաստակավոր մարզիչ Մարտին Ալիխանյանի սանը ավելիին է արժանի և նրանից խոսուն հաղթանակներ պետք է ակնկալել:

Հայաստանի պատվիրակներից երևանցի Արման Վարդանյանը / 63 կգ / և գյումրեցի Ալբերտ Վարդանյանը / 130 կգ /  այսօր պայքարի կելնեն  բրոնզե մեդալակիր դառնալու  համար։

Կամո Կիրակոսյանը նաև ասաց, որ հետևում է մերոնց մասնակցությամբ գոտեմարտերի ընթացքին և տպավորված է: Ուրեմն, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը արդյունավետ աշխատանքով երկրի գլխավոր թիմի համար պատրաստում է լավ  հերթափոխ: 

 

Այլ նորություններ