ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

11:27 - 30 Սեպ, 2024

Մեր մայրաքաղաքը հերթական անգամ հյուրընկալեց ՀԱՕԿ –ի նախագահ  Գագիկ Ծառուկյանի սահմանած սամբոյի միջազգային գավաթի խաղարկության մասնակիցներին: Նրանց թվում զգալի տոկոս էին կազմում  մեծ ճանաչում ունեցող վարպետներ, որոնք  ներկայացնում էին 22 երկիր: 

 

Մրցագորգերի վրա պայքարի լարվածությունը գերազանցեց ակնկալիքները: Այդ գործում որոշակի դեր խաղաց ՀԱՕԿ նախագահի ներդրած մրցանակային՝ 200 հազար ԱՄՆ դոլար հիմնադրամը:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Միկա մարզադահլիճում: Մրցաշարի մասնակիցներին և ներկաներին ողջունեց մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը: Նա գոհունակություն հայտնեց  Գագիկ Ծառուկյանին՝ աշխարհում սամբոյի մասսակայանացման և տարածման գործին մեծապես նպաստելու համար: Ավելին, նա հաճույքով ընդգծեց, որ հաջորդ տարվանից մրցաշարին կտրվի   «Աշխարհի գավաթ» կարգավիճակ և այն կդառնա ավանդական:

Մարզաձևի զարգացմանը նպաստելու համար, Վասիլի Շեստակովն ու ՀՀ  ֆեդերացիայի պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանը սամբոյի միջազգային ընտանիքի կողմից Գագիկ Ծառուկյանին հանձնեցին հատուկ մրցանակ։

Ներկաներին ջերմորեն ողջունեց և մասնակիցներին հաջողություն ցանկացավ նաև Գագիկ Ծառուկյանը: Նա հավելեց, որ չի կասկածում արդար մրցավարությանը և արժանիները տեղ կունենան պատվո պատվանդանի վրա:

Հայաստանի մարզիկներից  Կառլեն Մահինյանը /  71կգ / և Վահագն Չալյանը / 88 կգ / դարձան երկրորդ , իսկ Կարեն Սարգսյանը /  58 կգ /, Նարեկ Դալլաքյանը /  64 կգ /, Ալեքսան Ստեփանյանը /  79 կգ /, Գոռ Հարությունյանը / 88 կգ / և Արսեն Խանջյանը / 98 կգ / ՝ երրորդ մրցանակակիր:

Մրցաշարի փոխանցիկ գավաթը նվաճեց ՌԴ հավաքականը:

 

 

Այլ նորություններ