Իսպանիայի Լեոն քաղաքում իրենց մրցելույթներն ավարտեցին աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության մասնակից հայաստանցի երեք մարզուհիները:
Բարձր տրամադրությամբ հայրենիք կվերադառնա Հայաստանի աղջիկների եռյակը: Վաստակավոր մարզիչ, գյումրեցի Արտաշես Ներսիսյանը երեք մարզուհի էր ներկայացրել առաջնությունում և բոլորն էլ դարձան մեդալակիր:
Հեռակապով զրուցեցինք գլխավոր մարզչի հետ, շնորհավորեցինք հրաշալի ելույթների համար: Գոհունակությամբ խոսեց իր սանուհիների մասին, չմոռանալով ընդգծել առաջինը մեդալակիր դարձած 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանի կամային որակների մասին: Ընդամենը չորս ամիս առաջ են վիրահատել նրա ուսահոդը: Հաջորդել են վերականգման փուլը, թեթև մարզումները ու լավագույն մարզավիճակի չհասած՝ մտել է ասպարեզ:
Ալեքսանդրան պոկեց 81 կգ, որը յոթերորդ արդյունքն էր: Շատերին թվաց, թե երկամարտում մրցանակակիր դառնալն արդեն անհնար է: Բայց հայուհին անկոտրում կամք դրսևորեց, սանձեց 110 կգ ծանրությունը և ընդհանուր 191 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
Առաջին անգամ երիտասարդական մրցահարթակ ելավ պատանեկությունը լիովին չհաղթահարած, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը: Չընկճվեց, չվհատվեց, որ մրցակիցներն իրենից տարիքով մեծ են և փորձառու: Նա պոկեց 100 կգ, հրեց 128 կգ և երկամարտի 228 կգ –ով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի:
Թիմին ոսկե փայլ հաղորդեց 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պոկումում 100 կգ արդյունքով նա բավարարվեց համեստ՝ հինգերորդ տեղով: Էմման անգերազանցելի եղավ հրում վարժությունում, որտեղ իր կամքին ենթարկեց 130 կգ ծանրությունը և երկամարտի 233 կգ արդյունքով կանգնեց պատվո հարթակի << ոսկե >> աստիճանին:
Շնորհավորում ենք գյումրեցի մեդալակիր աղջիկներին, նրանց անձնական և հավաքականի մարզիչներին ու հաջողություն ակնկալում Լեհաստանում հոկտեմբերի 25 –ին մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: