Բուդապեշտի Intercontinental հյուրանոցում, շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրի գիշերը, տեղի է ունեցել հաճելի իրադարձություն։
Շախմատի միջազգային ֆեդերացիայի / ՖԻԴԵ / հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված տոնական արարողությունում պարգևների են արժանացել անվանի վարպետներ, թիմեր, անհատներ, և կազմակերպություններ՝ մարզաձևում բացառիկ ձեռքբերումների ու ներդրման համար:
Շախմատը զարգացել և առաջընթաց է ապրել դարի ընթացքում և մեծարվել են մարդիկ, ովքեր ակնառու ազդեցություն են ունեցել այդ խաղի վրա:
Երեկոյի մասնակիցներին ողջունել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Նա նշել է, որ ՖԻԴԵ-ի կյանքի առաջին դարը լի է եղել հրաշալի իրադարձություններով, մեծ անհատականություններով և հիշարժան հանդիպումներով: Ուստի, պետք է շնորհակալ լինել ՖԻԴԵ-ի հիմնադիրներին։
Հատուկ հանձնախումբը որոշել է մրցանակներ հանձնել 18 անվանակարգերում: Յուրաքանչյուր հաղթող ստացել է ՖԻԴԵ –ի գավաթ՝ փորագրված իր անունով և անվանակարգով:
Նախագահ Արկադի Դվորկովիչը 100 մեդալ է շնորհել նրանց, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել շախմատի զարգացման գործում:
«Մեկ մարտիկը լավ է, բայց եթե ունես հիանալի թիմ, կարող ես փոխել աշխարհը»: Նախկին ԽՍՀՄ հավաքականը օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով անպարտելի առաջատար կլիներ և՛ տղամարդկանց, և՛ կանանց ստուգատեսներում: Բայց հանձնախումբը որոշել է ընտրել մերօրյա լավագույնին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը գերազանցել է բոլորին՝ համաշխարհային օլիմպիադաներում հաղթելով երեք անգամ և արժանիորեն ստացել է առաջինի համար սահմանված մրցանակը:
Որպես հայաստանցի գրոսմայստեր և շախմատի կրթական լավագույն կազմակերպիչ մրցանակ է ստացել նաև երևանցի Սմբատ Լպուտյանը: Նրա գլխավորությամբ շախմատը ներմուծվել է հանրակրթական դպրոցներ: Նա երկար տարիներ ղեկավարում է ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատի տարածմանը ամբողջ աշխարհում։
Ներկայումս ավելի քան 25 միլիոն դպրոցական է խաղում շախմատ և ՖԻԴԵ-ն մտադիր է առաջիկա տարիներին կրկնապատկել այդ թիվը։
Նորվեգացի Մագնուս Կարլսենը ճանաչվել է 100-ամյակի լավագույն շախմատիստ, իսկ շախմատիստուհի՝ հունգարացի Յուդիթ Պոլգարը: