Ժամանակակից օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ըմբշամարտի ներկայացուցիչներից առաջինը մեդալակիր է դարձել աշխարհի եռակի գավաթակիր, Եվորպայի և ԽՍՀՄ չեմպիոն, վանաձորցի Ստեփան Սարգսյանը: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Սեուլի օլիմպիական խաղերին / 1988թ. /, նվաճել է արծաթե մեդալ ու հայրենիք վերադարձել փոխչեմպիոնի կոչումով:
Անվանի նախորդի հետքերով է գնացել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, փոքրվեդեցի Արմեն Մկրտչյանը: Նա Ատլանտայի օլիմպիական խաղերում / 1996թ. / դարձել է երկրորդ մրցանակակիր ու պարգևատրվել արծաթե մեդալով:
Այդ հաջողությունից անցել է 28 տարի, կայացել են ամառային օլիմպիական վեց խաղեր, իսկ ազատ ըմբշամարտում հայաստանցի որևէ մարզիկի հաշվին օլիմպիական մեդալ չի գրանցվել: Ինչ կտա Փարիզում երկու օրից մեկնարկելիք օլիմպիական << յոթերորդ ալիքը >>:
Պատասխանը կիմանանք շուտով: Բայց որ արդարացված սպասելիքներ ունենք՝ փաստ է: Չէ որ համաշխարհային 33 –րդ գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնում են փորձառու և տիտղոսակիր երկու վարպետներ. Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ , մասիսցի Արսեն Հարությունյանը և արտաշատցի Վազգեն Թևանյանը:
Նշած երիտասարդների ընդհանուր պատրաստականության մասին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ մեր թիմը Վրաստանի, Մոլդովայի և Լեհաստանի ընտրանիների հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Գորիում:
Նախապատրաստական մարզումները շարունակվում են մայրաքաղաքի Օլիմպավանում: Ամեն բան ընթանում է ծրագրին համապատասխան: Պայմանները գոհացնում են, տղաները հաճույքով են մասնակցում պարապմունքներին, իսկ Արսենի և Վազգենի գործողություններում առկա են նպատակամղվածությունը և ուշադրության կենտրոնացումը: Սրանք չափազանց կարևոր հատկանիշներ են վերջին փուլի առումով, երբ անհատական աշխատանքներ են տարվում հատկապես տեխնիկատակտիկական որակներում նկատելի թերությունները շտկելու ուղղությամբ:
Զրուցակիցը նախնական գուշակություններ չարեց, մանավանդ որ նա քանիցս ապացուցել է, որ ինքը ոչ թե խոսքի, այլ՝ գործի մարդ է: Անշուշտ, իր օլիմպիականներին հիշեցրել է, որ արդեն փորձառու ըմբիշներ են, մասնակցում են իրենց երկրորդ խաղերին . . . :
Փարիզի ստուգատեսում, Հաբեթնակ Կուրղինյանից բացի, տղաներին մրցագորգ կուղեկցեն նաև իրենց անձնական մարզիչները. Արսենի պարագայում՝ Արշակ Հայրապետյանը, իսկ Վազգենի դեպքում ՝ Ռաֆիկ Գոլեցյանը:
Ուզում ենք հավատալ , որ նշած ըմբիշները մրցումներում կմարտնչեն որպես արժանապատիվ հայորդիներ, հաղթական մրցելույթներով մեդալակիր կդառնան ու պարզճակատ կվերադառնան հայրենիք:
Նրանք մրցավայր կմեկնեն օգոստոսի վեցին: Արսեն Հարությունյանը մեկնարկի կելնի օգոստոսի ութին, իսկ Վազգեն Թևանյանը ՝ օգոստոսի 10 –ին: