Ժնևում տեղի է ունեցել առողջապահության համաշխարհային կազմակերպության / ԱՀԿ / 77 –րդ վեհաժողովը: Միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել նաև միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախը: Նա ընդգծել է ՄՕԿ-ի և ԱՀԿ-ի միջև ամուր համագործակցությունը ու հայտնել է իր երախտագիտությունը ԱՀԿ-ին, մասնավորապես գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսին՝ COVID-19 համաճարակի ժամանակ ցույց տված աջակցության համար:
«Համաճարակը հստակ ցույց տվեց, թե որքան կարևոր է սպորտը մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության համար։ Սպորտը կարող է կյանքեր փրկել, - ասել է ՄՕԿ –ի նախագահը։ - Համաճարակի ժամանակ մահացության ճնշող մեծամասնության պատճառ են հանդիսացել գիրությունը, սրտանոթային նախատրամադրվածությունը և այլն: Չափազանցություն չի լինի ասել, որ առանց ԱՀԿ-ի « Տոկիո-2020 » ամառային և « Պեկին-2022 » ձմեռային օլիմպիական խաղերը անվտանգ չէին կայանա»:
Համաձայնագրի միջոցով ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն ցույց են տալիս իրենց համատեղ հանձնառությունը սպորտի միջոցով առողջ հասարակության խթանմանը:
Կողմերը երկարաձգել են իրենց համագործակցության համաձայնագիրը՝ մինչև 2025թ. դեկտեմբերի վերջը: