Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ ուղեգրերի համար պայքարում էին նաև հայ բռնցքամարտիկները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշեց, որ հայ բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին բոլորի սպասելիքները:
«Չեմ ցանկանում ոչ մեկին առանձնացնել: Ես գոհ եմ բոլորից: Տղաներն արել են այն, ինչին ունակ են, դեռ մի բան էլ ավել: Այս վերջին երկու ուսումնամարզական հավաքների ժամանակ մարզիկները քրտնաջան աշխատել են: Նրանց աչքերից երևում էր հաղթանակի ձգտումը: Մնում էր միայն իրենց հավատային և ցույց տային, թե ինչի են ունակ: Բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին մեր սպասելիքները: Հովհաննես Բաչկովը վերջին բռնցքամարտիկն էր մեր հավաքականից, որ պետք է ուղեգրի համար պայքարեր: Նրա մոտ շատ մեծ էր հաղթելու ցանկությունը: Այնքան մեծ էր, որ հենց դա խանգարեց նրան: Շատ ցավալի է: Ինչ վերաբերում է Արամ Ավագյանի կիսաեզրափակիչ մենամարտին՝ գիտեք, ցանկանում եմ օբյեկտիվ լինել: Արամը այդ ադրբեջանցի մարզիկին երկու տարի առաջ հաղթել էր: Ռինգի մրցավարը շտապեց նկատողությունների հարցում, ինչը խանգարեց Արամին: Կորցրած միավորները այս դեպքում շատ դժվար է հետ բերել: Ուղեգրի համար նա մենամարտեց և հաղթեց այն ուկրաինացի մարզիկին, ում պարտվել էր նախորդ անգամ. դա շատ ուրախալի էր: Իսկ Անուշի մենամարտի ժամանակ մեզ թվաց, որ նա է հաղթել: Բայց տեսաք, որ կար հակառակ կարծիք: Նա հետագայում ցույց կտա իր ուժերը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց մարզիչը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին