Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային չեմպիոնն է: Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականը 449 միավորով և 5 ոսկե, մեկ արծաթե մեդալով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց առաջնությունը և խոսեց հետագա անելիքների մասին:
-Պարոն Ներսիսյան, եկեք ամփոփենք Եվրոպայի առաջնությունը և խոսենք մեր մարզիկների ելույթների մասին:
-Մենք դեռևս Հայաստանում մտադրություն ունեինք թիմային մասնակցություն ունենալ Եվրոպայի առաջնությանը: Հիմա վստահ կարող եմ ասել, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար նոր էջ է գրվում: Հենց թիմային պայքարն էր, որ մեզ տվեց այս հաղթանակը: Խոսելով Աննա Գովելյանի մասին, ով առաջինը սկսեց պայքարը, կարող եմ ասել, որ գոհ եմ նրանից: Նրա մոտ ստացվեց այն, ինչ ուզում էինք: 58 կգ քաշային կարում մի քիչ դժգոհ եմ Իզաբելլա Յայլյանից: Նա ֆիզիկապես պատրաստ էր 3-րդ 4-րդ տեղի համար պայքարելու:
-Ի՞նչ կասեք Քրիստինե Պետրոսյանի, Արփինե Դալալյանի և Սոնա Պողոսյանի մասին:
-Քրիստինեն հաջող հանդես եկավ ես նախատեսել էի նրա համար մի քայլ ավելի հետ, բայց նա արեց մի քայլ առաջ: Նա կարողացավ լավ միավորներ տալ թիմին: Սոնան, ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իրավունք ուներ լինել 5-րդ տեղում: Նա դեռ փոքր է և նոր է տեղափոխվել երիտասարդների տարիքային խումբ: Մեր Արփինեն արեց այն ինչ կարող էր, բայց հրում վարժությունում ունակ էր մեդալակիր դառնալու:
-Իսկ չեմպիոննե՞րը:
-Նազիկն էլ, Հռիփսիմեն էլ բնականաբար շատ լավ մասնակցեցին: Արեցին այն, ինչ ուզում էինք:
-Սա պատմական ձեռքբերում է հավաքականի համար: Ի՞նչ պետք է անել, որ կարողանանք պահպանել այս մակարդակը:
-Պետք է մարզերում, երկրի շատ քաղաքներում տեսնեն այս ամենը և հավատան, որ աղջիկները կարող են Եվրոպայի առաջնությունում հաղթել: Հավաքագրել է պետք աղջիկների: Եթե ուժեղ է, ապա պետք իրեն փորձի նաև այստեղ: Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի քանակի շատություն, հետո մենք՝ մարզիչներս պետք է ընտրենք դրանից որակը: Իհարկե նոր սերունդ կա, սակայն երկար և քրտնաջան աշխատանք է հարկավոր:
-Հիմա արդեն կենտրոնանալու ենք Օլիմպիական խաղերի վրա: Ի՞նչի հետևից ենք գնում մենք Ռիո:
-Մենք ունենք այն երկուսին, Հռիփսիմեին և Նազիկին, բայց հավաքականի անդամներն ունակ են փոխարինելու նրանց: Իսկ չեմպիոնների այս հաղթանակը պետք է նոր խթան հանդիսանա իրենց համար, որ մի քայլ ավելի առաջ գնան: Ես չէի ասի, թե աղջիկնրը շատ մտ են մեդալի, բայց նաև հեռու չեն: Շատ աշխատանք է պետք` քրտնաջան աշխատանք:
Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին