Փարիզի ամառային օլիմպիական 33 –րդ խաղերի մեկնարկից հինգ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեն Դենիում կատարել է օլիմպիական ավանի բացումը:
Շինարարությունը տևել է յոթ տարի։ Այդ հսկա կառույցը տեղավորում է շուրջ 14500 մասնակիցների:
Արարողության ժամանակ կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեին հանձնվել է համալիրի խորհրդանշական բանալին:
Ֆրանսիայի նախագահը իր խոսքում նշել է, որ շինարարները կատարել են իրենց պարտավորությունը, կառույցը հանձնվել է ժամանակին և որակով:
Կազմկոմիտեն դեռ չորս ամիս ունի նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար: Ավելի քան 300,000 կահույք, դեկորացիա և տարբեր պիտույքներ պետք է տեղադրվի մինչև հուլիսի 18-ը՝ առաջին մարզիկների ժամանումը:
Գյուղը զբաղեցնում է 52 հեկտար տարածք, բաղկացած է 82 շենքից, 3000 բնակարանից և 7200 սենյակից:
Ավանում կգործի 24-ժամյա ռեստորան՝ 3200 նստելատեղով, որը կառաջարկի վեց տարբեր խոհարարական ոճի սնունդ / իտալական, ասիական, ֆրանսիական և այլն /, ոչ ալկոհոլային բար, հանգստի գոտի և ուսումնական տարածքներ:
Գյուղը կունենա նաև մթերային խանութ, ոստիկանական բաժանմունք, գեղեցկության սրահ, ֆիթնես կենտրոն, փոստային բաժանմունք և բազմադավան աղոթքի կենտրոն։
Տրանսպորտի խնդիրը կլուծվի հեծանիվներով կամ էլեկտրական մեքենաներով, որոնք շուրջօրյա աշխատանք կկատարեն ՝ խաղերը էկոլոգիապես մաքուր դարձնելու ՄՕԿ-ի պահանջին համապատասխան:
3000 մ քառակուսի տարածքով կլինիկան 24 ժամ հասանելի կլինի օլիմպիականներին՝ բժշկական օգնության համար:
Խաղերից հետո 2800 բնակարանների մեկ երրորդը կվաճառվի մասնավոր սեփականատերերին, նույնքանը կօգտագործվի որպես սոցիալական բնակարաններ, իսկ մնացածը կտրվի վարձակալության, այդ թվում՝ ուսանողներին:
Յուրաքանչյուր շենք տարբերվում է մյուսներից՝ ճակատի դիզայնի և գույնի հստակ տատանումներով, ինչը հիմնականում եվրոպական է: