ՌԻՆԳ ԵՆ ԵԼՆՈՒՄ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

10:37 - 29 Փետ, 2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները այսօր մեկնեցին Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք: Այնտեղ կայանալու է համաշխարհային  առաջին օլիմպիական վարկանշային մրցաշարը։

Տղամարդկանց պայքարում հանդես կգան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Կանանց թիմը.  Անուշ Գրիգորյան (50 կգ), Տաթևիկ Խաչատրյան (54 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ) և  Անի Հովսեփյան (70 կգ)։

Համանուն երկրորդ մրցաշարը նախատեսված է Թաիլանդում ՝ մայիսին: Այդ ստուգատեսները, կարելի է ասել, նշանակությամբ հիշեցնում են աշխարհի փոքր առաջնություններ, որովհետև մասնակիցները ներկայացնում են տարբեր աշխարհամասեր:

Մեր հավաքականի  մյուս բռնցքամարտիկները մեկական խմբով իրենց ունակությունները կդրսևորեն Բելգրադում և Կաունասում մարտին  կայանալիք միջազգային ստուգատեսներում:

Փարիզի օլիմպիական խաղերում  մեդալների համար կպայքարեն 248 բռնցքամարտիկներ:  ՄՕԿ –ի պահանջով, գենդերային հավասարությունը պահպանելու սկզբունքով, առաջին անգամ  հանդես կգան հավասար քանակի ՝  124 –ական տղամարդ և կին :

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 7 տղամարդ և 6 կին : Արդեն հայտնի են 49 երկրների 109 օլիմպիականների անունները: Առայժմ մեր երկիրը չունի ուղեգիր:

Քանակական հավասարությունը պահպանելու նպատակով տղամարդկանց քաշային կարգերում մասնակիցների թիվը, կանանց համեմատ, պակաս է:

Ժամանակակից օլիմպիական խաղերում բռնցքամարտը ընդգրկվել է 1904թ.՝ Սենթ Լուիսի մարզահանդեսում , իսկ կանանցը ՝ 2012թ. Լոնդոնի խաղերում:

Հիշենք, որ բռնցքամարտը ընդգրկված է եղել նաև հին օլիմպիական խաղերի ծրագրում:  Դեռևս մ. թ.ա. 385թ․ 291 –րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին և հաղթելով բոլոր մրցակիցներին հռչակվել է  չեմպիոն։

Ժամանակակից օլիմպիական խաղերում նման պատվի է արժանացել  կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանը / 1956թ․ Մելբուռն /:

Նրա ճանապարհով առաջին քայլերն են արել և օլիմպիական բրոնզե մեդալակիր են դարձել երևանցի Դավիթ Թորոսյանը / 1976թ. Մոնրեալ /, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը / 2008թ. Պեկին / և  գյումրեցի Հովհաննես Բաչկովը 2020թ. Տոկիո /:

Այլ նորություններ