ԳՈՐԾԵՐ ԵՎ ՀՈԳՍԵՐ

14:47 - 02 Փետ, 2024

Նոր մրցաշրջանում աթլետիկայի առաջին խոշոր ստուգատեսը մեզանում անցկացվեց Վանաձորում: Մարզաձևի երախտավոր, Լոռու մարզային ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանի նախաձեռնությամբ  կազմակերպվող  ամենամյա  ձմեռային բաց առաջնությանը  մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Կապանի և Վանաձորի 9  կազմակերպությունների ավելի քան 100 մարզիկ – մարզուհիներ:

Հաղթողներ դարձան տարբեր տարածությունների վազորդներ Գայանե  Չիլոյանը / Երևան, 50մ. / Միլենա Գրիգորյանը / Արտաշատ, 400մ. / Էլլադա Ալավերդյանը / Վանաձոր, 800մ. / , Մարի Սարգսյանը / Գյումրի , 1500մ. /, կապանցի հեռացատկորդ Մարիետա Մինասյանը , երևանցի եռացատկորդ Մելինե Ադամյանը, երևանցի գնդահրորդ  Ժաննա Շահնազարյանը:

Տղամարդկանց  պայքարում  առաջինը ճանաչվեցին Սամվել Գևորգյանը / Արատաշատ, 50մ. /,  Ստյոպա Անդրեասյանը / 400մ/ , Գոռ Հարությունյանը / 800մ./ , Արման Ղամբարյանը / 1500մ., երեքն էլ ՝ Վանաձոր /, գյումրեցի գնդահրորդ Մանուկ Մանուկյանը :

Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի ուսմասվար, վաստակավոր մարզիչ  Գոհար Նազարյանը մեզ հետ զրույցում  առանձնացրեց   կապանցիներ  Գոռ Բեգլարյանի ցույց տված /  հեռացատկ ՝ 7մ. 29 սմ / և Մարիետա Մինասյանի  / եռացատկ ՝ 12մ. 48 սմ. / արդյունքները , որոնք մրցաշրջանի մեկնարկի առումով  բավականին բարձր ցուցանիշ  են: Զրուցակիցը գոհունակությամբ  խոսեց նաև  եռացատկորդներ, գյումրեցի Ռազմիկ Ղազարյանի  և արտաշատցի Գոռ Հովակիմյանի  միջև ընթացած թեժ պայքարի մասին: Նախնական ցատկերից սկսած նրանք միմյանցից խլում էին առաջատարի դերը: Ի վերջո հաղթեց գյումրեցին / 15մ. 70սմ. /, որը մրցակցին ետ  թողեց  14 սմ-ով:

Ավանդական մրցաշարում  ֆեդերացիայի նախագահ Ա. Արդարյանը առաջին անգամ  ծրագրում  ընդգրկել էր  նաև թիմային պայքար: Լավագույն եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. Վանաձորի աթլետիկայի ՄԴ, Երևանի օլիմպիական ՄԴ և Գյումրիի քաղաքապետարանի ՄԴ:

Լավագույն մարզիկի համար սահմանված մրցանակը հանձնվեց Ռազմիկ Ղազարյանին:

Հոգսաշատ են Վանաձորի աթլետիկայի մասնագետները: Բանն այն է, որ  քաղաքի ստադիոնը անվարձահատույց հանձնվել է ՀՖՖ –ին: Կառույցի  դռները փակված  են  և աթլետների համար խնդիր է դարձել բացօթյա մարզումների և մրցումների  անցկացումը: Վազորդների  մարզավիճակը պարզելու  համար մեկնում են Արտաշատ, որտեղ հնարավոր է  իրականությունը գնահատել  վայրկյանաչափով:

Այսքանով հանդերձ, մարզիչները գոհանում են գոնե  այնքանով, որ  մարզային ֆեդերացիայի ղեկավարը,  անձնական կապերի շնորհիվ, ստեղծել է 72 × 24 չափերով մետաղական  մանեժ:  Ոչ ստանդարտ  չափերի   այդ կառույցը այժմ լավագույնն  է մեր երկրում, թեկուզև 200 մետրի փոխարեն  վազքուղու պարագիծը 145 մետր է: Բացի այդ, շարքից դուրս է եկել նաև  2005թ. գործարկված  մարզասրահի ռետինածածկ վազքուղին: Մասնագետները շատ են ուզում, որ գոնե այս տարի հարցը լուծում  ստանա  սուբվենցիոն ծրագրով . . .

 

Այլ նորություններ