ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ

12:47 - 24 Հուն, 2024

Հայաստանում թիավարություն մարզաձևը  / բայդարկա, կանոէ,  ակադեմիական /  գրանցում  ունի մայրաքաղաքում , Սևանում, Հրազդանում  և Էջմիածնում: Գործող  խմբերում  ընդգրկված են շուրջ  200  պարապողներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ թիավարության ֆեդերացիայի նորընտիր նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա խոսեց նաև առաջիկա անելիքների մասին:

Նշած բնակավայրերում  նախատեսված է  անցկացնել համապետական և միջազգային մրցաշարեր: Նպատակ կա  մարզաձևը լիարժեք ներկայացնել  դպրոցահասակ տղաներին ու աղջիկներին, որպեսզի նրանք  գիտակցեն թիավարության հմայքը, կարևորությունը  մարդու առողջությունը կոփելու և ֆիզիկական ունակությունները զարգացնելու գործում:  Դա կնպաստի մասսակայանացմանը և վարպետության բարձրացմանը:  Բնական է, որ այդ պարագայում  Հայաստանի  հավաքականները  ավելի  բարձր արդյունքների կհասնեն  արտագնա  մրցումներում:

Նոր մրցաշրջանում  մեր  պատվիրակները  կգործուղվեն տարբեր երկրներում կայանալիք  պաշտոնական  մրցաշարերի: Հանդիպումներ են նախատեսված  Լիտվայի, Վրաստանի,  Ռուսաստանի և մի քանի երկրներում  նշանակված  ավանդական մրցումներում: Գլխավորը  Եվրոպայի առաջնությունն է,  որը օլիմպիական  վարկանիշային բնույթի է:  

ՀՀ պաշտոնական առաջնության մասին:  Այն  կորոշի չեմպիոններին և մրցանակակիրներին: Նախապատրաստական հավասար պայմաններ ստեղծելու նպատակով   այդ ստուգատեսը  կանցկացվի  ավելի ուշ: Բանն այն է, որ այժմ  իսկ Սևանի համապատասխան  ջրանցքը պատված է սառույցի հաստ  շերտով, որը կհալվի ամիսներ հետո: Այնուհետև  ջրուղի կհանվեն նավակները և  թիավարները կսկսեն  մասնագիտական պարապմունքները, համապատասխան մարզավիճակ ձեռք կբերեն, որպեսզի  կարողանան լիովին ցուցադրել  իրենց ունակությունները:  Իսկ հիմա ոչ միայն Սևանի և Հրազդանի, այլ նաև Երևանի և Էջմիածնի մարզիկները,  փակ մարզասրահներում, մարզիչների ղեկավարությամբ  զարգացնում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:

 

 

Այլ նորություններ