Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզից այսօր վերադարձավ Երեւան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց արդյունքները
«Մասնակցությունը գերազանց էր՝ աշխարհի երկու չեմպիոն: Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում բացթողումներ եղան, որոնց վրա պետք է աշխատել:
Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ երեւում էր: Մաքսիմը միշտ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում եւ շատ մոտ էր լինում մեդալներին: Որոշեցինք, որ 80 կգ քաշային կարգում նրան փորձելն ավելի ճիշտ կլինի: Ու այդպես էլ եղավ:
Արթուր Շահինյանը լավ մասնակցեց առաջին գոտեմարտում: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հաջորդն էլ նրանն էր: Դժգոհ եմ Վարշամ Բորանյանի գոտեմարտից: Նրանից ես մեդալ էի սպասում: Նա արժանի էր եւ պատրաստ էր: Բայց իմ կարծիքով Վարշամը քաշի կարգավորումը ճիշտ չարեց: 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ երիտասարդ է, որին մասնակցության հնարավորություն էր տրվել: Նա աճելու տեղ դեռ շատ ունի: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը լավ մասնակցեց: Բայց ես դժգոհ եմ նրա մարտաոճից, որը տարիներ շարունակ փորձում ենք փոխել: Ցավոք, նա դեռ մանկական մարտաոճի մեջ է: Եթե դրանից ձերբազատվի, հաջողություններ կունենա», - ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: