Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ՀՀ հավաքականը << ոսկե վերջաբանով >> ավարտեց իր մրցելույթը աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:
Եվրոպայի այս տարվա մեծահասակների չեմպիոն Գարիկ Կարապետյանը / 102 կգ / պոկեց 175 կգ, հրեց 203 կգ, երկամարտի 378 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց ոսկե մեդալով և աշխարհի երիտասարդական առաջնություններում երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Գյումրեցի շնորհալի ծանրորդը պարապում է իր հայրիկի՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ: Ավելին, նա զարգացնում է հայրիկի նվաճումները:
Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ծանրորդները միջազգային ասպարեզներում նվաճեցին ոսկե, արծաթե, բրոնզե 146 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ է և 39 –ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Մարզասերների անունից շնորհավորում ենք մեր հերկուլեսներին, նրանց անձնական և հավաքականների մարզիչներին, հանրապետական ֆեդերացիային ու համապատասխան մյուս կազմակերպություններին: