Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում վաղը կմեկնարկի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայտավորված 281 ծանրորդներին, և ընդհանրապես կայանալիք մրցաշարին, անդրադարձել է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Նշվել է, որ ծանրահարթակ ելնողների թվում են ընթացիկ մրցաշրջանում անցկացված աշխարհի պատանեկան առաջնության մեդալակիրներից յոթը:
Գովասանքի խոսքեր են ասվել Հայաստանի և ևս երեք երկրների` հուսալի հերթափոխ ունենալու մասին: Շեշտել են Գոռ Սահակյանի / 67 կգ / և Գարիկ Կարապետյանի / 102 կգ / անունները և հավելել , որ Գարիկին են պատկանում իր քաշային կարգի համաշխարհային պատանեկան ու երիտասարդական բազմաթիվ ռեկորդներ:
Մեր հավաքականն արդեն Մեքսիկայում է: Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանն իր օգնականների հետ մրցահարթակ կուղեկցի Ալեքսանդրա Գրիգորյանին / 55 կգ /, Աննա Ամրոյանին / 76 կգ /, Էմմա Պողոսյանին /81 կգ / , տղաներից՝ Գոռ Սահակյանին / 67 կգ / , Մարտին Պողոսյանին / 73 կգ /, Սուրեն Գրիգորյանին / 89 կգ / և Գարիկ Կարապետյանին / 102 կգ /:
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23 –ին: