Դիտելով << Հայփոստ >> ՓԲԸ հրապարակած նոր նամականիշի վրա պատկերված լուսանկարները, մարզասերներն անմիջապես կկռահեն, որ այն խորհրդանշում է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն թիմ Երևանի « Արարատի » 1973թ. կատարած հաղթարշավը ԽՍՀՄ առաջնությունում և գավաթի խաղարկությունում:
Նախորդ ՝ հոկտեմբեր ամսին լրացավ մեր ֆուտբոլի պատմական հաղթանակների 50 – ամյակը:
Այդ առթիվ Հայփոստը ներկայացրել է հետևյալ հաղորդագրությունը. « 2023 թվականի նոյեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային:
Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատ» ֆուտբոլային թիմին գավաթի հանձնման արարողության դրվագներ:
Գեղաթերթիկի վերևի հատվածում պատկերված են «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներ, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկի ներքևի հատվածում ներկայացված է «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարը՝ ամբողջական կազմով:
Գեղաթերթիկի և նամականիշի վրա պատկերված են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ և ԳԱՎԱԹԱԿԻՐ», «ԱՐԱՐԱՏ-73» և «50-ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմը մեկ խաղաշրջանում ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլ նաև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:
Թողարկման օրը` 08 նոյեմբերի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 90,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ. »: