ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հպարտ է և ուրախ` մեր երկրի տղամարդկանց բասկետբոլի հավաքականի տոնած եվրոպական հաղթանակի համար:
Նա հղել է հետևյալ շնորհավորական ուղերձը. «Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս: Ռեքս Կալամյանին հաջողվել է ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով:
Բասկետբոլային տոնը սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ-ի գավաթի խաղարկությունում:
Այդ երկու մրցաշարերը մեծ ոգևորություն ատաջացրին Հայաստանում, և, վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները:
Հ.Գ. Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են կերտվում հաղթանակները, ինչպես են կառուցվում ազգային հավաքականները, ասեմ, որ սկզբում ունեցել ենք փակուղային իրավիճակներ, երբ ոչ հեռավոր 2006-ին, մեզ որպես կապիտալ, հանձնվեց ընդամենը մի երկու կնիք: Սակայն այդ շրջանի անհաջողությունները մեզ չկոտրեցին և քայլ առ քայլ շարժվեցինք ու շարժվում ենք դեպի մեր նպատակը:
Այժմ, երբ հետհայացք ենք նետում, տեսնում ենք, որ սրտացավ աշխատանքը տվել է իր պտուղները և կարող ենք վստահորեն ասել, որ հաղթանակների ուղին շարունակելի է»:
Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է նաև ըմբիշներին, նրանց մարզիչներին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն ելույթների կապակցությամբ, ընդգծելով, որ այդ հաջողություններում հսկայական է մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի ավանդը: