Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ատրճանակավարների մրցաշարի չորրորդ փուլն անցկացվեց Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում:
Հայաստանի առաջատար հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը իրեն վայել սառնասրտությամբ, 10մ հեռավորությունից կատարեց դիպուկ կրակոցներ, վաստակեց 579 միավոր և երրորդ տեղով մտավ եզրափակիչ: Վճռական պայքարում նա զարգացրեց հաջողությունը, հավաքեց 236.6 միավոր, անհասանելի դարձավ իրեն հետապնդող երկու չինուհիների համար, գրավեց առաջին տեղը և հաղթող ճանաչվեց:
Էլմիրային այսօր սպասում է երկրորդ մրցավեճը: Թիմակից Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ նա հանդես կգա խառը զույգերի մրցումներում: Հուսանք, որ մեր երկյակը հաջողության կհասնի:
Գավաթի փուլային խաղարկության մարաթոնում հաջողության հասած 12 մարզուհիների միջև վերջնական պայքարը կանցկացվի նոյեմբերին և կորոշվի աշխարհի գավաթակիրը:
Չկասկածենք երևանցի մարզուհու ունակություններին, ով առայժմ Փարիզի խաղերի հայաստանցի միակ օլիմպիականն է: