Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
Գրանցվեց միայն մեկ գոլ, որը հաղթանակ բերեց հյուրերին:
Տանտերերի դարպասին նշանակված անկյունայինի իրացումից հետո, 14-րդ րոպեին, հաշիվը բացեց Գերմանիայի «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը:
Մեր թիմի խաղացողները աչքի ընկան նվիրական խաղով և ուժերի անմնացորդ լարումով պայքարեցին մինչև վերջին վայրկյանները: Հատկապես երկորդ խաղակեսի միջնամասից հետո նույնիսկ նախաձեռնողի դեր ստանձնեցին, նաև գոլային իրական պահեր ստեղծեցին:
Այնուամենայնիվ պետք է առանձնացնել եվրոպական փուլի հանդիպումներում վարպետ խաղով աչքի ընկնող մեր դարպասապահ Օգնեն Չանչարևիչին: Իսկ տվյալ մրցամարտում նա գերազանցեց սպասելիքները: Եթե չլինեին նրա զարմանահրաշ կատարումները, ապա մրցակիցները ավելի խոշոր հաշվով հաղթանակ կտոնեին:
Հետխաղյա մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը բարձր գնահատեց իր տղաներին՝ նվիրվածության և անկոտրում կամք դրսևորելու համար: Իսկ մենք ՝ մարզասերներս, շնորհակալ ենք նաև Պետրակովին՝ հրաշալի համակազմ ստեղծելու և մասնագիտական բարձր որակներով մեզ գոհացնելու համար:
Խմբային մրցաշարում խորվաթները չորս խաղից հետո 10 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր, բայց հինգ հանդիպումից հետո, ունեն նաև երկրորդ տեղում ընթացող թուրքերը: Եռյակը հինգ խաղից հետո, յոթ միավորով եզրափակում է մեր հավաքականը:
Հոկտեմբերի 12 –ին Հայաստանի ֆուտբոլիստները Ռիգայում կմրցեն լատվիացիների հետ: