2023թ. սեպտեմբերի հինգին, ժամը 17. 32 –ին 94 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ 20 -ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ:
Օլիմպիական խաղերի հայազգի միակ եռակի չեմպիոն,աշխարհի և ԽՍՀՄ առաջնությունների բազմակի ոսկե դափնեկիր, սպորտային մարմնամարզության գերաստղերից մեկն էր նա:
Նախորդ դարի կեսից սկսած, աշխարհի տարբեր ծեգերում անցկացվող սպորտային մարմնամարզության մրցումներում հնչում է Ալբերտ Ազարյան անուն- ազգանունը: Նա մեզանում մեծ ճանաչում ու պատիվ էր վայելում: Ներքուստ ուրախանում էր իր նկատմամբ հայրենակիցների ցուցաբերած հարգանքի համար և սիրով էր բարևում, լուսանկարվում, զրուցում ցանկացողների հետ: Իսկ նրանք այնքան շատ էին:
Մշտաժպիտ, բարձրահասակ, սլացիկ, ուժեղ ու չափազանց համակրելի տղամարդուն շրջապատում բոլորն էին հարգում: Այնպես պարզ, հասարակ պահվածք ուներ: Սիրով լսում, պատասխանում էր բոլոր դիմողներին: Բայց անվանի տնօրենը որքան բարի էր սաների հանդեպ, այնքան պահանջկոտ էր մարզիչների նկատմամբ: Չէր հանդուրժում ծուլությունը, թափթփվածությունը, փնթիությունը: Նրա անվան մարզադպրոցում դրվածքն այնպես էր, որ երեխաները մարզօջախ էին մտնում ճիշտ ժամանակին, մաքուր, կոկիկ սանրվածքով, հագուստով: Մարզիչներին հաճախ էր հիշեցնում, որ հուսախաբ չանեն իրենց սաներին ու ծնողներին, ովքեր հենց մասնագետների հույսով են գալիս պարապելու:
. . . Անցել են տասնամյակներ: Հայկական գրանցում ունեցող ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ կատարվում է բոլոր մրցումներում: Բայց ինչ որ խորհուրդ կա Ազարյանի ստեղծագործության մեջ: Հենց առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստան երկրի մարզիկը պետք է կատարեր խաչը, կատարեր այնպես, որ այն կրկնել ուզենան նաև այլ կրոններ դավանող երկրների ներկայացուցիչները:
Պետք է խոստովանել, որ ազարյանական կատարումն առայժմ անկրկնելի է: Սա միայն մեր տեսակետը չէ: Այդ մասին հաճախ են ասում միջազգային պաշտոնական մրցաշարերը լուսաբանող Ազարյանի նախկին թիմակիցներ Լարիսա Լատինինան, Լիդիա Իվանովան, մյուսները, ովքեր ականատես են եղել երևանցու ելույթներին:
Ալբերտ Ազարյանի հետ կապված դիպվածները շատ են: Դրանք տարածում են ստացել ականատեսների միջոցով: Դրանք գուցե վերացական, չափազանցված թվային, եթե չլիներ նրա անձնական մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանը: Նա է գլխավորապես պատմել Ալբերտի առօրյայի, բնավորության գծերի, մրցումների և այլնի մասին: Նրա շնորհիվ են հիշվում 1951թ. տեղի ունեցած մարմնամարզիկների ցուցադրական ելույթները ` << Սպարտակ >> մարզական ընկերության դահլիճում:
Օղակների ծրագիրը կազմված է եղել նոր, բարդ տարրերից: Շրջադարձի պահին Ալբերտը գլխիվայր պոկվել է գործիքից և զարնվել հատակին: Մարզասերը ափսոսանքով տեղից վեր է թռել:Ներկաները, նրանց թվում ` անձնական մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանը, կարծել են, թե ծանր, լուրջ վնասվածք է ստացել մարզիկը: Բայց Ալբերտը անմիջապես ոտքի է կանգնել և մարզչին խնդրել վարժությունը կրկնելու հնարավորություն տալ իրեն: Դրական պատասխան ստանալով, նա մոտեցել է գործիքին, կատարել, ցուցադրել է բարդագույն նոր վարժությունը և վստահորեն ավարտել այն: Ոգևորված մարզասերը խելակորույս ծափահարել է հիրավի անկոտրում կամք դրսևորած Ալբերտ Ազարյանին:
Մարզաձևում եզակի դեպք է տեղի ունեցել Թբիլիսիում անցկացված ԽՍՀՄ առաջնությունում: Օղակների վրա վարժությունը սկսելուց վայրկյաններ անց Ալբերտը ուսագոտու շրջանում սուր ցավ է զգացել: Ակամա հայացքը հառել է ցավող ուսին, որն արդեն անսովոր չափով ուռել էր: Հասկացել է, որ թևը տեղից դուրս է ընկել ու նույն ակնթարթին մարմնամարզության նորահայտ հանճարը անհրաժեշտ մի քանի շարժումներով, հենց գործիքից կախված վիճակում ,տեղն է գցել ուսն ու սահուն անցումներով շարունակել, բարեհաջող ավարտել է վարժությունն ու հստակ վարցատկով << մեխվել >> ներքնակին: Մրցավարները բարձր են գնահատել նրա կատարումը:Այս մասին նույնիսկ մերօրյա մարզիչները խոստովանում են, որ Ազարյանի արածը, չլսված, չկրկնված եզակի դեպք է մարզաձևում:
Մարդիկ լեգենդներ են հորինել վարպետի մասին: Թերևս լեգենդ չէր Ալբերտին Ապոլոնի հետ համեմատելու իրողությունը: Այս մասին պատմում էր այն տարիների մեր առաջատար մարմնամարզիկներից ԽՍՀՄ հավաքականի անդամ, Եվրոպայի զինված ուժերի չեմպիոն Վաչագան Հակոբյանը: Հռոմի աշխարհի առաջնության օրերին, տեղացիները Ապոլոնի արձանը տեսնել ցանկացող զբոսաշրջիկներին ասել են, թե հետևեք մարզապալատում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանը և մոտիկից կտեսնեք ու կճանաչեք իրական Ապոլոնին: Նա հայ է` Ալբերտ Ազարյան անունով: Իսկապես, երևանցին սիրվեց, մեծ ճանաչում ստացավ ու Ապոլոն մականունով կնքվեց հենց Հռոմում:
Խաղերից Մոսկվա վերադարձած ԽՍՀՄ պատվիրակության մեդալակիրների համար ընդունելություն կազմակերպվեց Կրեմլում: Օղակների արքային մեկ հրավիրատոմս տվեցին: Երևանցին կազմակերպիչներին ասաց, որ ուզում է իր տիկնոջը նույնպես հրավիրեն: Մերժեցին: Ժխտական պատասխանը լսելով, Ազարյանը օլիմպիական հանդարտությամբ պատռեց հրավիրատոմսը: Ներկաները ապշեցին. մարզիկը համարձակվեց մերժել Կրեմլի հրավերը: Երևի չգիտեին , որ հայ մարդու համար առաջնայինը, գլխավորը, հարազատ ընտանիքն է, արժանապատիվ ամուսնու համար ` կինը: Չեմպիոնն այդ պարագայում հավատարիմ է մնացել ազգային ավանդույթներին:
. . . Սիդնեյի օլիմպիական խաղերում / 2000թ /, մարզադահլիճում նստած հետևել է մարմնամարզության մրցումների ընթացքին: Եվ ահա կազմակերպիչները մի պահ դադարեցնում են մրցումները ու տարբեր լեզուներով հայտարարում, որ դահլիճում է գտնվում Ազարյանական խաչի հիմնադիրը` օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը, հայաստանցի մեծանուն վարպետը և պատվո հարթակ են հրավիրում երևանցուն: Դահլիճը փոթորկվում է ծափերից: Սա անակնկալ էր, և դեռ ավելին , նրան հանձնում են Մելբուռն մեկնելու վկայական –ուղեգիր: Սա նույնպես անսպասելի էր:Կենդանի լեգենդին վայրկյանների ընթացքում շրջապատում են անթիվ անհամար լրագրողներ:Իրեն ուղղած հարցերի տարափից հազիվ են գլուխ հանում թարգմանիչները:
Հաջորդ առավոտյան Ազարյանին ուղեկցում են Մելբուռն: Օլիմպիական ստադիոնի պատին հավերժացած են 1956թ. խաղերի երևանցի չեմպիոններ Ալբերտ Ազարյանի, Իգոր Նովիկովի և Վլադիմիր Ենգիբարյանի անունները: Հայկական սպորտի դրոշակակիրը հուզվում է ու ափսոսում, որ իր հետ չեն սիրելի թիմակիցները:
Ազարյանը գիտակցում էր իր հաղթանակների արժեքն ու նշանակությունը: Այնուամենայնիվ իրեն հաճախ էր << դավաճանում >>, ինչպես ասում են, լոռեցու միամտությունը:
Մի անգամ Երևանի քաղաքային կրթության վարչության պետ Ռոբերտ Փոլադյանի մոտ Ալբերտ Ազարյանը հրավիրվել էր խորհրդակցության: Փորձելով արդարացնել փոքր ինչ ուշանալը ասել է, որ նախարարի մոտ խորհրդակցության էր: Ապա մեկեն շարունակել . << Այ մարդ, ժողովի ժամանակ նախարարը խոսելիս անընդհատ ինձ էր նայում և ասում՝ այդպես չէ, պարոն Ազարյան: Զարմացած նայում էի նրան. << Ես նրա հետ երբևէ ծանոթ չեմ եղել, այդ որտեղից գիտե ինձ, որտեղից է ճանաչում >>: Ներկաները լիաթոք ծիծաղում են, իսկ Փոլադյանը հարազատի պես գրկելով Ազարյանի ուսերն ասում է, թե ամբողջ աշխարհն է Ձեզ ճանաչում, բա մեր նախարարը ինչպես չճանաչի… Լսածը շարժում է նաև պատվավոր երևանցի Ալբերտ Ազարյանի ծիծաղը:
2022թ. դեկտեմբերի մեկին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մարզադպրոցի բակում տեղադրվեց փառահեղ վարպետի կիսանդրին: Ներկա էր նաև ինքը ՝ օղակների արքան:
. . . << Լեգենդներին, որոնք մեր ազգի պատիվը աշխարհով մեկ բարձր են պահել, ճանաչում են տվել մեր երկրին, պիտի կարողանանք իրենց իսկ կենդանության օրոք մեծարել։
Նման պատվի և մեծարանքի Դուք արժանի եք, պարոն Ազարյան: Ձեր կիսանդրին կերտելը և այն Ձեր անվան մարզադպրոցի տարածքում տեղադրելը իմ վաղեմի ցանկությունն է եղել:
Դուք ճանաչվել եք ՀՀ 20 - րդ դարի լավագույն մարզիկ, քանզի աշխարհում միակ հայն եք, որ դարձել եք օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:
Դուք նաև հայրենական սպորտի մեծագույն հայրենասերն եք:
Ազարյանի անվան նոր դպրոց ենք կառուցելու և նրա տարածքում նոր արձան պիտի վեր հառնի:
Ազարյան ջան, միասին ենք մասնակցելու բացման արարողությանը . . . >>,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Ավաղ, ՀԱՕԿ նախագահի բարի ցանկությունը իրականություն չդարձավ:
Ահա և վերջ . . .