ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ

11:37 - 28 Օգո, 2023

Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվեց Եվրոպայի կրտսեր տարիքի բռնցքամարտիկների / 13 – 14 տարեկաններ / 20 –րդ առաջնությունը: Մասնակցեցին 30 երկրների 385 պատվիրակներ / 261 տղա, 124 աղջիկ /: Տղաները հանդես եկան 16, իսկ աղջիկները`  13 քաշային կարգերում:

Գերազանց մրցելույթներ ունեցավ ավագ մարզիչ, շնորհալի մասնագետ Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականը: Մեր թիմի հաշվին գրանցվեց երկու ոսկե, չորս արծաթե և յոթ բրոնզե պարգև: Այդ ցուցանիշը լավագույնն է ՀՀ  պատանեկան բռնցքամարտում:

Արժե նշել, որ պատվանդանի առաջին աստիճանին կանգնած Կարեն Զախարյանը (50 կգ) ներկայացնում է Գեղարքունիքի մարզի, Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ,  իսկ  Արսեն Դարբինյանը (54 կգ) Լոռու մարզի Ստեփանավանի  Կուրթան գյուղը:

Փաստն ինքնին հաճելի է, քանզի հաղթողները մեր գյուղական բնակավայրերի ներկայացուցիչներ  են: Հաջողությունը հնարավոր է նոր թափ հաղորդի, խթանի երկրի շուրջ 1000 գյուղերում ապրող ջլապինդ, աշխատասեր ու դիմացկուն պատանիներին`  սպորտով զբաղվելու համար: 

 

Այլ նորություններ