ՀՐԱՆՏ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՇԱՀԻՆՅԱՆ . Ծնվել է 1923 թ. հուլիսի 30 –ին, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: Վախճանվել է 1996 թ. մայիսի 29 –ին ` Երևանում :
Հ. Շահինյանը երկու օր հետո, հուլիսի 30 –ին, կդառնար 100 տարեկան: Հայրենական սպորտի նահապետը սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ յոթակի, Բուդապեշտում անցկացված / 1949 թ. / ուսանողության և երիտասարդության համաշխարհային փառատոնի և ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, օլիմպիական խաղերի / 1952 թ . / կրկնակի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն է:
Մարմնարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Շահինյանի ստեղծած տարրերից մեկը կրում է << Շահինյանի պտուտան >> անվանումը: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ է : Նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ –ում առաջինը հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոց: Եղել է Հայսպորտպետկոմի նախագահ և փոխնախագահ :
Հ. Շահինյանի անունով է կոչվում իր հիմնադրած մարզադպրոցը, դրան հարակից փողոցներից մեկը, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը:
Մեծանուն մարմնամարզիկի կիսանդրիները և բարձրադիր հուշարձանը տեղադրված են իր անվան մարզադպրոցում և ֆիզկուլտուրային մայր բուհում :
Օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնը պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և << Պատվո նշան >> շքանշաններով, արժանացել է ՄՕԿ – ի << Արդարացի խաղի ասպետ >> բարձր կոչմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության << Խաչատուր Աբովյան >> մեդալի : ՀԱՕԿ –ի բարձրագույն պարգևներից մեկը կրում է Հրանտ Շահինյանի անունը:
Հայկական սպորտի օլիմպիական հաղթարշավի հիմքը դրվեց 1952 թվականին` Հելսինկիի ամառային 15-րդ օլիմպիական խաղերում: ԽՍՀՄ հավաքականի կազմում Հայաստանը ներկայացրած մարմնամարզիկ Հրանտ Շահինյանին էր վիճակված դառնալ խաղերի ոսկե մեդալակիր և հաջողության հիմնաքարը դնող սպորտի դեսպանը :
Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձել էր վիրավոր ոտքով` հենակով: Աննկուն մարզիկն իր մեջ ուժ գտավ դեն նետել հենակը, դրսևորել կամք ու համառություն, բուժել ոտքն ու փայլուն մրցելույթներով իր համար տեղ ապահովել ԽՍՀՄ մարմնամարզության հավաքականում, մեկնել խաղերի ու մեդալների առատ հունձք կատարել` նվաճելով երկուական ոսկե և արծաթե պարգև: Նա անգերազանցելի էր օղակների վրա և երկրորդն էր նժույգթափում: Մեկական ոսկե և արծաթե մեդալ էլ իր հաշվին գրանցեց հաջորդաբար թիմային պայքարում և բազմամարտում:
Հաճախ ենք հիշում Հ. Շահինյանին, նրա հետ մեր զրույցները, ափսոսում ենք, որ չկա, որ զգացվում է նրա կարիքը:
. . . Հուզիչ էր ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոն /1952թ./, մեծն մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը / 2015թ. հոկտեմբերի 9 -ին /:
Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված վեհաշուք կոթողն ունի 5մ. բարձրություն և կշռում է 31 տոննա:
Հիշարժան էր հուշարձանի բացման արարողությունը: Սպիտակ սավանով պատված քանդակին մոտեցան Երևան այցելած ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը, ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և մեծն Հրանտ Շահինյանի այրին ` տիկին Էմմա Շահինյանը:
Միանգամից տարածքը թնդաց բուռն ծափերից: Սա կարծես միաժամանակ խորհրդանշում էր Հրանտ Շահինյանի հելսինկյան օլիմպիական խաղերում տոնած կրկնակի հաղթանակը և անմար հիշատակը:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն իր խոսքում խոնարհում ու հարգանք մատուցեց մեր առաջնեկ չեմպիոնին: Նա բարձր գնահատեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, որը յուրատեսակ ապացույցն է նրա մարդկային արժանիքների, գնահատումը ` կյանքին հրաժեշտ տված մեծություններին և անհատականություններին:
Ճիշտ է, վարպետը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա դպրոցով անցած հազարավոր տղաներից ու աղջիկներից շատերը շարունակում են ավանդույթը և վառ պահում մեծն Շահինյանի անունն ու հիշատակը: