Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / հաստատել է 2024թ․ Փարիզի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն ընդունող երկրների անունները:
Համաամերիկյան վարկանիշային մրցաշարը կկայանա Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում, որից հետո նույն վայրում կանցկացվի պանամերիկյան առաջնությունը:
Աֆրիկայի և Օվկիանիայի վարկանիշային մրցաշարը կանցկացվի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Եվրոպա աշխարհամասում վարկանիշայինը նշանակված է Բաքվում, իսկ Բիշքեկը կընդունի Ասիայի վարկանիշայինը, որից հետո նույն մրցավայրում տեղի կունենա Ասիայի առաջնությունը:
Վերջին՝ համաշխարհային վարկանիշայինը նախատեսված է Ստամբուլում:
Առաջիկա սեպտեմբերի 16 – 24 – ը Բելգրադում իրենց հարաբերությունները կորոշեն աշխարհի առաջնության մասնակիցները: Ըմբիշները կպայքարեն խաղարկվող 90 ուղեգրերի համար: Ի դեպ, օլիմպիական քաշային յուրաքանչյուր կարգի հինգ լավագույնները կստանան Փարիզի ստուգատեսի մասնակցության արտոնագիր:
Մայրցամաքային մրցաշարերում կխաղարկվի 144, իսկ համաշխարհայինում ՝ 54 ուղեգիր: Մրցումների ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ: