Նկատելի է Հայաստանի բասկետբոլի շարունակական առաջընթացը: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան նոր, հաճելի նախաձեռնություն հանդես բերեց: Առաջատար գործող մարզիկներին արժանի փոխարինողներ պատրաստելու նպատակով Երևան էր հրավիրվել բասկետբոլի ավանդույթներով չափազանց հարուստ Սերբիայի հայտնի մասնագետներից մեկը ՝ Սաշա Գրուիչը: Նա հերթափոխի հետ տեսագործնական պարապմունքներ անցկացրեց:
Տեղացի մարզիչների հետ հյուրը փորձի փոխանակում կատարեց, խոսեց մանկապատանեկան բասկետբոլի մարզումային առանձնահատկությունների, 10-14 տարեկան խաղացողների հմտությունները զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների և այլ հարցերի մասին:
Գործնական պարապմունքների ընթացքում սերբ մարզիչը ցուցադրեց նաև պաշտպանական և հարձակողական օղակների փոխապահովման տեխնիկատակտիկական բազմազան գործողություններ:
Սեմինարի մասնակից հայաստանցի մասնագետները շնորհակալություն հայտնեցին հյուրին՝ նպատակային աշխատանքի համար և նշեցին, որ Գրուիչի այցը չափազանց օգտակար էր։
Նշենք, որ Սաշա Գրուիչը ՖԻԲԱ-ի կողմից արտոնագրված մարզիչ է, ինչպես նաև սպորտի վարպետ: Նա աշխատել է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականում ՝ որպես մարզչի օգնական և գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն։