Անցած հանգստյան օրերին Գյումրիում անցկացվեց քաղաքի աթլետիկայի բաց առաջնությունը: Մասնակցեցին երկրի մարզերը ներկայացնող ավելի քան 130 մարզիկ – մարզուհիներ: Նրանք պայքարի մեջ մտան 14 մրցաձևերից:
ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ասաց, որ միջոցառմանը մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի առաջատարները:
Քաղաքային ստադիոնի աթլետիկական հատվածներում դիտարժան ելույթներ շատ եղան: 800 մետր վազքում կրկին լավ հանդես եկավ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը: Նա տարածությունը հաղթահարեց 1.50,4 ժամանակում:
Մարզասերներն առավել ուշադիր էին ցատկերի նկատմամբ: Բանն այն է, որ հիմնանորոգումից հետո բոլորովին նոր, հաճելի տեսքի է բերվել ժամանակակից պահանջներին համապատասխանող թափավազքի հատվածն ու ցատկափոսը: Մրցողների համար նույնպես հաճելի էր << լավ աշխատել >> ու երկար մետրեր հաղթահարել: Բայց հաղթեց կապանցի Գոռ Բեգլարյանը / 7մ. 37 սմ. / , որը վնասվածքի պատճառով երկար ժամանակ ասպարեզ չէր ելել:
Առաջնության լավագույն մարզիկներ ճանաչվեցին վազորդ Երվանդ Մկրտչյանը և կապանցի եռացատկորդուհի Յանա Սարգսյանը:
Բավարար արդյունքներ գրանցվեցին և աչքի ընկածներով կազմվեց հավաքական, որը կմասնակցի Լեհաստանի Կատովիցեում կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերին:
Գլխավոր մարզիչը նաև ներկայացրեց թիմի կազմը. Կանայք ՝ վազորդներ Մարիաննա Բաղյան / 100 մ. / Գայանե Չիլոյան / 200մ., 400 մ. /, Էլլադա Ալավերդյան / 800մ. և 3000մ. խոչընդոտավազք /, Ալիսոն Հալվերսոն / 100մ և 400մ. արագավազք /, Մարի Սարգսյան / 1500մ., 5000մ. /, ցատկորդ Յանա Սարգսյան / հեռացատկ, եռացատկ /, նետորդներ Ժաննա Շահնազարյան / մուրճ, սկավառակ /, Ինգա Շեկոյան / 4 × 100մ. փոխանցավազք /
Տղամարդիկ ՝ վազորդներ Գագիկ Աղամյան / 100մ., 200մ. /, Դավիթ Ղուկասյան /4 × 100մ փոխանցավազք /, Դավիթ Սարգսյան / 400մ. /, Գոռ Հարությունյան / 400մ. արագավազք /, Երվանդ Մկրտչյան / 1500մ. /, Վանյա Սարգսյան / 5000մ /, Ռոման Ալեքսանյան / 800մ. /, Սոս Հարությունյան / 3000մ. խոչընդոտավազք /, ցատկորդներ Գոռ Բեգլարյան / հեռացատկ /, Լևոն Աղասյան / եռացատկ /, նետորդներ Մանուկ Մանուկյան / սկավառակ, գունդ / և Վանիկ Առաքելյան / նիզակ /: