ՓԱՌԱՀԵՂ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ

11:17 - 17 Ապր, 2023

Իր օգտին հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը:

Թուրքիայի  Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում, բազմամարտի  և առանձին մրցաձևերի մրցումների   բոլոր օրերին հնչեց Հայաստան անունը:

Վարպետությամբ առանձնապես փայլեց թիմի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը: Ինչպես սպասվում էր,  նա անթերի գործեց իր նախասիրած հենացատկում, ասել է թե՝  կրկին ճանաչվեց լավագույնը, պագևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով, դարձավ Եվրոպայի արդեն կրկնակի ոսկե դափնեկիր և  մարզապալատում  հնչեցնել տվեց հայոց օրհներգը:

Չեմպիոնը գերազանցեց նաև նժույգթափերում , որտեղ դարձավ  երրորդ մրցանակակիր և արժանացավ բրոնզե մեդալի:

 

Արթուրի մասին խոսքը շարունակելով ասենք, որ նա, շատերի համար անակնկալ,  իր ունակությունները փորձեց բազմամարտում, և դեռ ավելին ՝ դարձավ չորրորդ մրցանակակիր:

Գովասանքի են արժանի նաև Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, որոնք օղակների վարժությունում հաջողությամբ հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը ու  մտան եզրափակիչ ՝ լավագույն ությակ:

Մեդալների համար պայքարում առավել հմտորեն գործեց փորձառու Վահագնը, որը ճանաչվեց երկրորդը և արժանացավ  <<  արծաթի >>: Նրա թիմակից Արթուրը  դարձավ վեցերորդ մրցանակակիր, որը նույնպես գովելի է:

Եվ այս ամենը այն պարագայում, երբ հայկական  թիմը մրցեց Թուրքիայում, երբ մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի է, ու նաև իր երկրի ԱՕԿ –ի փոխնախագահն է:

Արդեն կարելի է պատկերացնել , թե որպիսի կամք ու վարպետություն են դրսևորել մեր մարմնամարզիկները, որոնց հաղթարշավին խանգարել չեն կարողացել հնարավոր բոլոր արգելքները, մանավանդ այն, որ մեկնարկի նախօրեի լուսադեմին, առավոտյան ժամը  հինգին, մի խումբ դոպինգ սպաներ << ներխուժել են >>  մեր մարզիկների հյուրանոցային համարներ ու նմուշներ վերցրել: Հավելենք նաև, որ ստուգել են միմիայն մերոնց:  Հապա այն, որ մարզադահլիճում մեր եռագույնի փոխարեն նախապես  բարձրացվել էր   Կոլումբիայինը . . .

Այն էլ ասենք, որ մեր նվաճումներն ավելի մեծ կլինեին, եթե վնասվածք չունենար թիմի անվանի ավագ Հարություն Մերդինյանը:

Ալևս  հաստատուն փաստ է, որ սպորտում հաղթում են բացահայտ արժանիները,  որոնց միավորները չեն կարողացել   << խժռել  >> նույնիսկ մրցավարները:

Փառք ու պատիվ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, նրա ղեկավարած մարզչական կազմին, ֆեդերացիային, մարզիկներին . . .

Շնորհավորում ենք մարզաձևի հայկական դպրոցի մերօրյա փառահեղ ներկայացուցիչներին, որոնք արժանապատիվ մրցելույթներով բարձր պահեցին հայրենական սպորտի պատիվը:

 

 

 

 

Այլ նորություններ