ԷԼՄԻՐԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՊԱՏԱԿԸ

10:57 - 13 Մար, 2023

Զրույցներից մեկում  երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանն ասաց  թեև օլիմպիական խաղերում գլխավորը մասնակցությունն է, բայց դա չի համապատասխանում իմ էությանը, բնավորությանը: Մարզիկը չպիտի մրցավայր մեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Ասպարեզ ելնողի հիմնական նպատակը մրցանակակիր դառնալը պետք է լինի: Մարզիչների հետ արդեն վերլուծել ենք իմ սխալները, գնահատել ունակություններս: Հաստատել ենք նաև անհատական ծրագիր, որով առաջնորդվում եմ . . .

Ըստ էության Էլմիրան մասնագետների հետ կարողացել է շտկել թերությունները: Նախորդ մրցաշրջանում, հոկտեմբերին, հայ մարզուհին աշխարհի առաջնությունում ճանաչվեց հինգերորդը և արժանացավ Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի: Շնորհալի ատրճանակավարուհին  հաջողությունը զարգացրեց Տալլինում  օրերս ավարտված / մարտի 11 –ին / Եվրոպայի հրաձգության առաջնությունում:

Օդամղիչ զենքով   Հայաստանի ներկայացուցիչը 10 մետրից 60 կրակոցով վաստակեց 577 միավոր և 59 մասնակիցների պայքարում գրավեց երրորդ տեղը ու արժանացավ բրոնզե մեդալի։ Սա Էլմիրա Կարապետյանի առաջին մեդալն է մեծահասակների  առաջնություններում: Հաջողության շնորհիվ նորընծա մրցանակակիրը նվաճեց Լեհաստանի Կրակովում հունիսին  կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մասնակցության ուղեգիր:

Հավատանք, որ բնածին շնորհքով օժտված, աշխատասեր ու  նրբազգաց հրաձգուհին մեդալով կվերադառնա նաև կրակովյան ստուգատեսից:  

 

 

Այլ նորություններ