Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 94 –ամյակը : Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին : 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:
Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ - ում և աշխարհում:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկրի պատվավոր կոչումը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում :
Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը : Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ , անկախ Հայաստանի և ՄՕԿ -ի բարձրագույն պարգևներին և կոչումներին:
Նախորդ տարեվերջին, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ վեր հառնեց հայրենական սպորտի կենդանի լեգենդի բրոնզաձույլ կիսանդրին:
Բացման արարողությանը ներկա մեծն Ազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ . . . ապրել մեկ դար:
Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ: Մաղթում ենք քաջառողջություն, երկարակեցություն . . .
Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ: