Հայաստանում մասսայականություն է վայելում թաեքվոնդո մարզաձևը: Հանրապետական ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը ասաց, որ մարզաձևը գրանցում ունի Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերի բազմաթիվ բնակավայրերում, իսկ Երևանում մարզվողների թիվը գերազանցում է հազարը: Երկրում ավելի քան երկու հազար պարապողների վարպետության դասեր են տալիս 40 մարզիչներ:
Ուսումնամարզական հավաքներ և մրցումներ նույնպես նախատեսված են ընթացիկ մրցաշրջանում: Առաջիկայում մեր պատվիրակները Թեհրանում կմասնակցեն << Արևածագի 10 օր >> անվանումով միջազգային ավանդական մրցաշարին:
Մայրաքաղաքի Օլիմպավանում նախատեսված են մեր հավաքականների համատեղ մարզումները ԱՄՆ –ի, Լիտվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի թիմերը կմասնակցեն Հունգարիայում, Բուլղարիայում և Բոսնիա Հերցեգովինայում անցկացվելիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական և մինչև 21 տարեկանների առաջնություններին: Ինչ վերաբերում է Փարիզի օլիմպիական խաղերին, ապա այդ մասին սպառիչ պատասխան կտան եկող տարի, մինչ ստուգատեսի մեկնարկը կայանալիք վարկանիշային մրցաշարերը:
Ֆեդերացիայի ղեկավարը նաև նշեց, որ շնորհալի երիտասարդներ կան: Ընդգծեց երևանցիներ Վալտեր Դանիելյանի, Ալեքս Մելիքյանի, Սարգիս Սարգսյանի, Մարիամ Ավետիսյանի, գյումրեցի Արտակ Մկրտչյանի, աբովյանցի Մելինե Հովհաննիսյանի, սևանցի Դավիթ Թորոսյանի և էլի մի քանիսի անունները: Վարպետության առումով լուրջ խթան կհանդիսանան Միլանում, Նալչիկում, արտասահամյան ևս մի քանի քաղաքներում նախատեսված միջազգային մրցաշարերը: