ԼՈՂՈՐԴՆԵՐԻ << ՇՈԳ >> ԱՄԱՌԸ

11:37 - 03 Փետ, 2023

Հայաստանի լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆաել  Վասիլյանը մեր խնդրանքով  ներկայացրեց մրցաշրջանի իրենց ծրագրերը:

Մարտի 23 –ից հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Կհաջորդի ՀՀ ապրիլյան առաջնությունը, որի արդյունքներով կճշտվեն  տարիքային տարբեր խմբեր ներկայացնող թիմերի կազմերը:

Հուլիսին պատանի լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, իսկ ազգային թիմը  Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ՝ աշխարհի առաջնություններին: Նույն ամսին Սլովենիայում, Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան փառատոնում  կներկայանան նաև մեր պատվիրակները:  Ասածին եթե հավելենք այն, որ նշած ժամանակաշրջանում Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում  զուգահեռաբար կանցկացվեն համապետական մի շարք մրցաշարեր,ապա կարելի է ենթադրել, որ մեր լողորդներին հիրավի <<  շոգ >> ամառ է սպասվում:

Լուրջ << քննությունները >>   կշարունակվեն նաև հաջորդ ամիսներին, ստույգ ՝ մինչև տարեվերջ: Հոկտեմբերին կապույտ լողուղյակներում կմրցեն պատանեկան, նոյեմբերին ՝  մինչև 14 տարեկանների ՀՀ առաջնությունների մասնակիցները:  Վերջին ՝ դեկտեմբեր ամսին, Եվրոպայի առաջնության ծրագրով Բուխարեստի կարճ  ջրում / 25մ. լողավազանում / կվիճարկվեն Եվրոպայի առաջնության մեդալները: Դրանից օրեր անց, մեր պատվիրակները Ս.Պետերբուրգում կպայքարեն օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան մրցանակների համար: Տարեմուտին վերջապես իրարու կհավաքվեն  երկրի լողորդ- լողորդուհիները և կվիճարկեն մարզաձևի ՀՀ դաշնության գավաթը, որի ավարտից հետո միմյանց կշնորհավորեն շահած մրցանակների և, իհարկե,  գալիք ամանորի  առթիվ :

Իբրև վերջաբան ասենք, որ աշխարհի առաջնությունում  / Ֆուկուոկա / կխաղարկվեն << Փարիզ – 2024 >>  –ի ուղեգրեր: Իհարկե, վարկանիշային այլ մրցաշարեր էլ կան, որոնց արժանանալու համար կպայքարեն նաև  մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը, Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը,  Եվա Կարապետյանը և էլի մի քանիսը:  

Հավելենք, որ մրցաշրջանում չափազանց ծանր ու պատասխանատու աշխատանք  է սպասվում հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ  Միսակ Գաբրիելյանին և նրա ղեկավարած մարզչական խորհրդին:

Այլ նորություններ