ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՇՆՉՈՂ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿԸ

15:57 - 09 Դեկ, 2022

Վեց երկրների սպորտային մարմնամարզիկներ մասնակցեցին Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակը հավերժացնող միջազգային 28 –րդ մրցաշարին:

Մասնակիցների թվում շատ էին հեղինակությունները, նրանց թվում՝ օլիմպիական խաղերի հայազգի չեմպիոն Արթուր Դալալոյանը, Նիկիտա Նագորնին, շատերը:

Անվանիների պայքարին տոն տվեց նաև Հայաստանի միակ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը: Ավելին, նա 47 բազմամարտիկների պայքարում շատերից առաջ անցավ և գրավեց պատվավոր երրորդ տեղը: Նման արդյունքը բազմամարտում, ուր պետք է հաղթահարել վեց մրցաձևերի արգելքը, խոստովանենք, որ նշանակալի երևույթ է:

Երևանցի 20 –ամյա երիտասարդը առաջինն էր նժույգթափում և երրորդը պտտաձողում ու զուգափայտում:

Մոսկովյան հաջողությունը չի զարմացնում, քանզի փորձառու մասնագետ, վաստակավոր մարզիչ Աշոտ Գասպարյանի սանը ընդամենը մեկ ամիս առաջ Անգլիայի լիվերպուլյան  աշխարհի առաջնությունում համարձակվեց ձեռնոց նետել 143 բազմամարտիկների և ժամանակակից մարմնամարզության գերբարդագույն պահանջները կատարելով՝ գրավեց 64 –րդ տեղը:

Մոսկվայից  այսօր վերադարձած մարզիչն ու սանը արդեն  Ալբերտ Ազարյանի անվան  հարազատ մարզադպրոցում էին: Զրուցեցինք ուսուցչի հետ: Ասաց, որ Գագիկի առաջին քայլերը մարզաձևում հաստատուն էին և հուշում էին, որ փոքրիկը  մտածել կարող է:

Նա առաջ է շարժվում փոքր, բայց վստահ քայլերով: Նախասիրում է նժույգթափը և ազատ վարժությունները: Բայց բազմամարտում հաջողության հասնելու, հեղինակությունների շարքում տեղ ունենալու համար պետք է կայուն ելույթներ ունենալ բոլոր վեց գործիքների վրա: Ուստի աստիճանաբար բարդացվում է  ծրագիրը, որին լուրջ է վերաբերվում Գագիկը: Սա հաջողության հույս է ներշնչում:

Այլ նորություններ