Հայաստանի 11 բռնցքամարտիկներ մասնակցեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ռինգ էր հանել հիմնականում երկրորդ համարներին: Մարզիչները նպատակ ունեին հարստացնել մեր մարզիկների մրցափորձը և ստուգել նրանց ընդհանուր պատրաստականությունը:
Առավել գոհացրեց Ռուսլան Ասլիկյանը (57 կգ): Նա անցկացրեց չորս հաղթական մենամարտ և գրավեց առաջին տեղը: Նրա թիմակիցներից 54 կգ քաշային Հենրիխ Սահակյանը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Հենրիկ Չխրիկյանը (86 կգ) կանգնեցին պատվանդանի երրորդ աստիճանին:
Մինչև տարեվերջ, հնարավոր է, կաշվե ձեռնոցի մեր վարպետներից Արթուր Բազեյանը (57 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մասնակցեն Դուբայում նախատեսված «Ադամանդե գոտի» անվանումով միջազգային հեղինակավոր մրցաշարին: