ԵՐԵՎԱՆՑԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՊԱՐԳԵՎԸ

13:07 - 29 Նոյ, 2022

Ինչպես արդեն հայտնել ենք,  ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ  ապրելակերպի ամբիոնի վարիչ,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, սուսերամարտից միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում։ Որոշումը կայացրել էր ՍՄՖ-ի գործադիր կոմիտեն։

Լոզանում ՝ ՄՕԿ –ի օլիմպիական թանգարանում, օրերս կայացավ սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովը: Օրակարգում ընդգրկված էին  բազմաթիվ հարցեր: Ծավալուն քննարկում տեղի ունեցավ Փարիզի օլիմպիական խաղերի  սուսերամարտի մրցաշարի կազմակերպական հարցերի շուրջ:

Համաժողովի շրջանակներում մարզաձևի մի խումբ արժանավորների շնորհվեցին պարգևներ: Միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հույն Էմանուել Կացիադակիսը հանդիսավորությամբ պատվավոր կոչման հավաստագիրը և ոսկե մեդալը հանձնեց Արմեն Գրիգորյանին:  

Շնորհավորում ենք  երևանցի երախտավորին՝ հաճելի իրադարձության  համար և հաջողություն մաղթում  հետագա  գործունեության  ընթացքում:

ՍՄՖ-ի Փառքի սրահը ստեղծվել է 2013թ.: Նպատակն է հանրությանը և մարզաշխարհին ներկայացնել  մարզաձևի համաշխարհային ընտանիքում նշանակալի արդյունքներ ցույց տված  և մեծ ներդրում ունեցած մարզիկներին, մարզիչներին, մասնագետներին, գործիչներին . . .

Այդկերպ նաև  հարգանքի տուրք է մատուցվում  մարզաձևում յուրահատուկ  գնահատանքի արժանի երախտավորներին՝  ինչպիսին է մարզաձևում մեր երկրի առայժմ միակ ներկայացուցիչը:

 

 

 

Այլ նորություններ