ՀՀ ազատ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ միջազգային ստուգատեսներում հաջողության է հասնում մեր թիմը: Գերազանց արդյունքով այս անգամ Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքին հրաժեշտ տվեցին մեր տղաները:
Հին աշխարհամասի մինչև 23 տարեկանների առաջնությունում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի պատվիրակությունը:
Արդեն որերորդ անգամ դրվատանքի խոսքեր պիտի ուղղենք Վազգեն Թևանյանի / 65 կգ / հասցեին:Նա հաղթեց հաջորդաբար կանադացի Դանիել Տրոյ Քոլեսին, անգլիացի Ռոս Թեյլոր Քոնելիին, ճապոնացի Ռիյոմա Անրակուին, ղազախստանցի Ադլան Ասկարովին ու մտավ եզրափակիչ:
Ոսկու համար պայքարում մեր ըմբիշը գոտեմարտեց թուրք Համզա Ալաջայի հետ: Հանդիպումը բնույթով սուր էր, բայց ՝ ոչ դիտարժան: Դրան խանգարեց մրցակիցը, որը առանձնացավ չարությամբ: Կարճ ասենք. մրցակցի կողմը երկու անգամ վիճաբանականը նետեց մրցագորգ: Մրցավարները անկողմնակալ գտնվեցին , ի վերջո, մրցաշարի ամբողջ ընթացքում գերազանց հաղթանակներով առաձնացած Վազգենը հաղթեց 8 : 4 հաշվով ու նվաճեց չեմպիոնի կոչումը:
Ոսկե մեդալի արժանացավ նաև մեր մյուս առաջատարը ՝ Արսեն Հարությունյանը / 61 կգ /: Նա նույնպես հաղթական գոտեմարտերով իր համար եզրափակիչի ուղի հարթեց:
Պետք է խոստովանել, որ ոսկու համար ղըրղզ Թայրբեկ Ժումաշբեկ Ուուլուի հետ պայքարը բացառիկ լարված բնույթ կրեց: Ընդհանուր պատրաստականությամբ և կամային որակներով աչքի ընկավ մեր մարզիկը, որը նվազագույն ՝ 7 : 5 հաշվով հաղթանակ տարավ ու արժանիորեն կանգնեց պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Բրոնզե պարգևով հայրենիք կվերադառնա Արման Ավագյանը / 79 կգ /: Նա երրորդ տեղի համար գոտեմարտում 6 : 4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին:
Շնորհավորում ենք մեր թիմին, մարզչական խորհրդին , ֆեդերացիային և հույս հայտնում, որ տղաները հաղթանակներ կտանեն առավել հեղինակավոր ստուգատեսներում: