Դաքարում տեղի է ունեցել այնտեղ 2026թ. կայանալիք պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերի համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Ներկաները խոսել են ծրագրերի, նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի / ենթակառուցվածքներ, մարքեթինգ և գործընկերային գործունեություն, ռազմավարական պլանավորում, մշակութային ծրագրեր / մասին:
Պատանեկան օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել 2022թ.: Սակայն COVID-19 համաճարակի պատճառով այն հետաձգվեց :
Կազմկոմիտեն վստահեցնում է, որ պատանեկան համաշխարհային մարզահանդեսը սպորտի և մշակույթի տոն կհանդիսանա:
Մինչ խաղերի մեկնարկը կիրականացվի կրթական ծրագիր, որը կենտրոնացած կլինի օլիմպիական արժեքների վրա: Նպատակն է մինչև 2026թ. ծրագրում ընդգրկել 900,000 երեխաների: Նրանք հնարավորություն կունենան մասնակցել դասընթացների և համալրել ստուգատեսի կամավորականների շարքը:
Ուշագրավ է «Օլիմպիական հմտություններ երեխաների համար» նախաձեռնությունը, իսկ համազգային նախագծով 6 - 18 տարեկան երեխաները կկարողանան իրենց ուժերը փորձել տարբեր մարզաձևերում:
Ֆիթնես ծրագիրը նպատակ ունի նպաստել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը:
Դաքարի խաղերին կմասնակցեն աշխարհի շուրջ 5000 երիտասարդ մարզիկ – մարզուհիներ: Նրանք հանդես կգան 35 մարզաձևերում:
Կազմկոմիտեն կշարունակի համագործակցել միջազգային մարզական ֆեդերացիաների հետ՝ հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում իրականացնելու համար: