Իտալիայում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը վկայեց , որ մեզանում մարզաձևը հուսալի հերթափոխ ունի: Նկատի ունենք այն, որ մեր թիմի ավագ մարզիչ, վասատակավոր մարզիչ Աշիկ Գրիգորյանի սաներից հինգը դարձան մրցանակակիր:
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և առաջին տեղը գրավեցին էջմիածինցի Վաղարշակ Քեյանը / 46 կգ / և արցախցի Էրիկ Առստամյանը / 52 կգ /:
70 կգ քաշային կարգում առաջինի կոչմանն արժանանալու իրական հավակնորդ էր գյումրեցի Երանոս Օհանյանը: / Նա, ի դեպ, անցյալի մեր նշանավոր բարձրքաշային Բագրատ Օհանյանի եղբորորդին է /: Նա նույնպես եզրափակիչում հանդես գալու իրավունք էր նվաճել: Բայց մրցաշարի բուժանձնակազմը վնասվածքի պատճառով նրան զրկեց մրցելու հնարավորությունից և Երանոսը բավարարվեց արծաթե պարգևով:
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին վանաձորցի Դավիթ Սաֆարյանը / 50 կգ / և էջմիածինցի Ռաֆայել Ներսիսյանը / 60 կգ /:
Թիմային պայքարում մեր տղաները գրավեցին պատվավոր առաջին տեղը: