Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում անցկացվեց հայ առաջին օլիմպիական չեմպիոնի անունը կրող ամենամյա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 38 մարմնամարզիկներ՝ 21 աղջիկ և 17 տղա։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց նման մրցաշարի կարևորության մասին․
«Այսպիսի մրցաշարերի մասնակցելով՝ երիտասարդ մարզիկները մեծ փորձ են ձեռք բերում, ինչը օգնում է նրանց ավելի լավ պատրաստվել միջազգային մրցաշարերի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների: Եթե մարմնամարզիկը միանգամից մասնակցի , օրինակ` Եվրոպայի առաջնության, վախեր կունենա և չի կարողանա լավ արդյունք ցույց տալ: Այս մրցաշարը ցույց տվեց, որ լավ երեխաներ կան, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ մարմնամարզությունում հաջողությունների հասնելու համար պետք է լինել շատ համբերատար և կարգապահ»,- ասաց Հակոբ Սերոբյանը։
Մրցաշարի ժամանակ տարիքով փոքր մարմնամարզիկները մասնակցել են պատանիների և երիտասարդների հետ. ըստ Սերոբյանի` դա նույնպես խթան է հանդիսանում․
«Այսօր տեսանք, օրինակ` 11 տարեկան տղան կարողանում է մրցանակակիր դառնալ ավելի մեծահասակների պայքարում: Մրցաշարը կազմակերպել ենք միջազգային ծրագրով, որպեսզի փոքրերն աստիճանաբար սովորեն, թե ինչպես են պայքարելու միջազգային մրցաշարերում»։
Մեկնաբանության վերջում Հակոբ Սերոբյանն ասաց, որ դահլիճային պատշաճ պայմանները թույլ կտան մեծացնել մրցաշարի աշխարհագրությունը։