Շնորհավորում ենք Հայաստանի մարզասերներին՝ Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնությունում մեր ազգայինի տոնած հաղթանակի առթիվ: Հայ մարզասերներն իրենց հերթին, վստահ ենք, որ գոհ ու շնորհակալ են մեր թիմի բոլոր խաղացողներին ու մարզիչներին՝ խաղարկված չեմպիոնական մեդալներն ու մրցանակները Հայաստան բերելու համար:
Նախնական փուլերում Ջիբրալթարի / 100 : 63 /, Սան Մարինոյի / 78 : 66 /, կիսաեզրափակիչում՝ Անդորայի / 93 : 66 / ընտրանիներին հաղթելուց հետո, մեր գուլիվերները մտան եզրափակիչ և չեմպիոնության համար << ճակատամարտեցին >> տանտերերի ՝ Մալթայի ներկայացուցիչների դեմ:
Մեկնարկային հինգ րոպեները հուզեցին մեզ, քանզի 14 միավորի դիմաց, լուսատախտակի վրա, մերոնց հաշվին չէր ջնջվում 0 թիվը: Այդ ժամանակ գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը ընդմիջում վերցրեց, համապատասխան ցուցումներ տվեց և վերսկսված խաղի սկզբից ևեթ նախաձեռնությունն անցավ հյուրերի կողմը:
Առաջին քառորդում մրցակիցները ընդմիջման գնացին տանտերերի ՝ ընդամենր չորս միավորի առավելությամբ / 19 : 15 /: Հաջորդ երեք քառորդները ավարտվեցին մեր թիմի հաղթանակով, որը 16 միավորի առավելությամբ ավարտեց հանդիպումը ՝ 84 : 68:
Մալթացիների նկատմամբ համոզիչ հաղթանակը դիրքային հարձակումների, ասել է թէ՝ տակտիկական – թիմային գործողությունների և խաղացողների անհատական վարպետության ապացույցն էր:
Հաճույք պատճառեց ամերիկյան բասկետբոլում << մկրտված >> Ջոնս – Մկրտչյան երկյակի հմտությունը: Միավորներ վաստակելուց բացի, նրանք ազատ գոտի էին ստեղծում, որպեսզի թիմակիցները հեռահար, արդյունավետ նետումներ կատարեն:
Ընդհանրապես մերոնց խաղը վեհացնող էր, մանավանդ որ կարողանում էին հաջողությամբ վնասազերծել տանտերերի 220 սմ –ից բարձր հասակ ունեցող փորձառու կենտրոնականին: Հապա Քալամյանի վերցրած ընդմիջումները, որոնցից յուրաքանչյուրը նոր անակնկալ էր մալթացիների համար:
Հաղթական հաշիվը հավանաբար ավելի մեծ լիներ, եթե վերջին րոպենեներին, որպես վերջնակորդ, Քալամյանը ասպարեզ չհաներ պահեստայիններին:
Փառահեղ նվաճում, որը բասկետբոլի հայկական դպրոցին լավ ապագայի, նոր հաջողությունների հույս է ներշնչում:
Հարկ է ասել, որ առաջնության մասնակից թիմերի խորհրդանշական հնգյակում տեղ ունեցան մեր Քրիս Ջոնսը և Անդրե Սպայտ Մկրտչյանը:
Եզրափակիչում մեր թիմի օգտին 41 միավոր գրանցած Ջոնսը ճանաչվեց նաև առաջնության լավագույն խաղացող:
Ընդհանրապես անուրանալի է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատակազմի և, իհարկե, կազմակերպության նախագահ, գիտությունների թեկնածու, միջազգային կարգի մրցավար, մոտ անցյալի նշանավոր վարպետ Հրաչյա Ռոստոմյանի դերը:
Սկսած 2015 թվականից, Եվրոպայի առաջնություններում, մեր թիմերը նվաճել են վեց ոսկե և երկու արծաթե մեդալներ:
Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում տղամարդկանց հավաքականը առաջին անգամ չեմպիոն է դարձել դեռևս 2016թ.: Մեկ անգամ հաղթող է ճանաչվել մինչև 16 տարեկան պատանիների հավաքականը, իսկ ֆեդերացիայի փոխնախագահ, մեր նախկին լավագույն << սնայպեր >> Վահագն Հարությունյանի գլխավորած կանանց թիմերը նվաճել են երեք ոսկե և երկու արծաթե պարգևներ:
Ասածը վկայում է, որ նպատակային աշխատանքի պարագայում, մերոնք հաջողության կարող են հասնել ինչպես մենապայքարային, այնպես էլ ՝ խաղային մարզաձևերում: Վկա՝ հայկական բասկետբոլի հարուստ ավանդույթները: