Հայաստանի ԶԼՄ – ներում շուրջ երեք տասնամյակ խոսք չի եղել աթլետիկայի մրցաձևերից մեկի ՝ մրճանետման մասին: Եվ ահա հաճելի մի լուր: Մեր երկրի ներկայացուցիչ, Էջմիածնի փոխոստիկանապետ, մայոր Ժաննա Շահնազարյանը հանրապետության ռեկորդ սահմանեց:
Նա մասնակցեց Վրաստանի բաց առաջնությանը, իր ունակությունները դրսևորեց մրճանետորդուհիների պայքարում, գործիքը նետեց 54մ. 17սմ, սահմանեց ՀՀ նոր ռեկորդ / նախկինը եղել է 50մ. 48 սմ. / , լրացրեց սպորտի վարպետի նորման ու դարձավ փոխչեմպիոնուհի:
Ժաննայի անձնական մարզիչներն են երևանցի Վիլիկ Գասպարյանը և արտաշատցի Վարդան Եղիազարյանը: Վերջինը նշեց, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում երկրի նորընծա ռեկորդակրուհին մուրճը նետում էր ընդամենը 46 մետրի սահմաններում: Այնուհետև մարզումներում բարելավում էր արդյունքները և մինչ Թբիլիսի մեկնելը արդեն գերազանցում էր վարպետի նորման:
Կարծում ենք, Ժաննայի նվաճումները նոր լիցք կհաղորդեն և մրցաձևը վերելք կունենա Հայաստանում: