Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը Ռիոյում ապրիլին կայանալիք «Թեստ-իվենթ»-ից առաջ լիահույս և վստահ է, որ իրեն կհաջողվի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել:
«Իմ կարծիքով Հայաստանի առաջնությունում ինձ հաջողվեց նորմալ ներկայանալ: Առանձին գործիքների վրա լավ ներկայացա, միայն իմ կարծիքով թերություններ կային ազատ վարժությունում, սակայն մեծ բացթողումներ չէին: Այժմ բավականին լավ մարզավիճակում եմ: Ինձ համար առաջնահերթ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռքբերելն է: Եթե այս վարժությունները նույնությամբ կրկնեմ այնտեղ, ինձ կհաջողվի ուղեգիր նվաճել»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Դավթյանը:
Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Թեստ-իվենթ»-ը կկայանա ապրիլի 16-22-ը Ռիոյի օլիմպիական մարզահամալիրում:
ՀԱՕԿ լրատվության բաժին