ՀԱՆՃԱՐԵՂ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿԸ 93 ՏԱՐԵԿԱՆ Է

09:57 - 11 Փետ, 2022

Բոլորեց հայ  հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ  Վաղարշակի Ազարյանի  ծննդյան 93 –ամյակը : Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է   Երևան:

Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր: Թեև  բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ  -  ում և աշխարհում:

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ  Ալբերտ Ազարյանը  ավելի քան 15 տարի  մնաց  անպարտելի: Նա  հայաստանցի միակ մարդն է , ով  11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն  / օղակներ ,  զուգափայտ ,  պտտաձող  մրցաձևերում  /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի  ոսկե դափնեկիր է, և աշխարհի  միակ հայ  մարզիկն է,  ով  կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :

Ազարյանական  լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա  հայ ժողովուրդը երբեք  չի մոռանա  իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է    կատարել  ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ  ԽԱՉԸ   և այն գրանցել տվել  մարմնամարզության միջազգային  անվանակոչության տարեգրության  չեմպիոնական պատմագրքում :

Նրա ստեղծած ընտանիքը  երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև  չեմպիոնական ընտանիքի մայրը  :  Նկատի ունենք  մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով  նույնպես սպորտային մարմնամարզությունից   ԽՍՀՄ սպորտի վարպետ  էր   և  Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

Ալբերտ  Ազարյանն արժանացել է  ԽՍՀՄ,   ՀԽՍՀ   և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին   և  կոչումներին  :

Նրա համար  կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն  լինելն է, փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը, հայ   քաջարի զինվոր   պատրաստելը :

Ծնունդդ  շնորհավոր ,  Հայաստանի 20 –րդ  դարի  լավագույն  մարզիկ: Մաղթում  ենք    քաջառողջություն, երկարակեցություն, երջանկություն:

Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ:

 

 

Այլ նորություններ