ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ . . .

15:17 - 26 Հուն, 2022

Նոր մրցաշրջանի  նախապատրաստությունը  Հայաստանի բադմինթոնիստները սկսեցին  հունվարի երեքից: Ասածը վերաբերում է  ինչպես Երևանի, այնպես էլ  Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի և Իջևանի  խմբերին:

Հավաքականի գլխավոր մարզիչ  Հրաչյա Պողոսյանն  ասաց, որ նշած բնակավայրերում մարզվող ավելի քան 200 տղաների և աղջիկների շարքում շնորհալիներ իսկապես կան: Նրանք տոն են տալիս  հանրապետական մրցաշարերում: Ավելին, վանաձորցիները մրցանակակիր են դառնում  զուգախաղերում  և անհատական մրցումներում:

Մեր զրուցակիցը  շնորհակալական խոսք ասաց  մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախագահ, անցյալի  ճանաչված բադմինթոնիստ Հովհաննես Խաչատրյանի  մասին,որովհետև  նրա շնորհիվ  բոլոր  պարապողները ապահովված են ժամանակակից մարզագույքով և հանդերձանքով:

Ծրագրերի մասին խոսելիս,  մարզիչն  ասաց, որ անելիքները շատ են, միայն թե հնարավոր լինի դրանք իրագործել: Օրինակ, անցյալ տարի, մեր մարզիկների շատ մրցուղերթներ ձախողվեցին: Պատճառը կորոնավիրուսն էր: Մտահոգում է նաև  Իրանի Շիրազ քաղաքում, առաջիկա  փետրվարի 1 – 9 –ը  նախատեսված միջազգային երկու մրցաշարերի կայացման հարցը: Արդեն ձեռք  են բերվել Երևան- Թեհրան – Շիրազ  չվերթի տոմսերը:  Միայն թե մրցումները տեղի ունենան:

Անվանի Լիլիթ Պողոսյանը մրցավայր կուղեկցի 17 –ամյա Էլեն Տիրատուրյանին:  Նա սկզբում իր ունակությունները կդրսևորի  միջազգային պատանեկանի  մենախաղերում, ապա մրցաշարում հայտավորված  ամենաբարձր վարկանիշն ունեցող հնդկուհու ընկերակցությամբ  հանդես կգա զուգախաղերում: Հաջողության հասնելու հույս կա, որովհետև երևանցի բադմինթոնիստուհին  շիրազյան ստուգատեսում վարկանիշով երկրորդն է:

Էլենն այնուհետև  կմասնակցի  << Արևածագի 10 օր  >>  անվանումով  միջազգային ավանդական մրցաշարին,  որը տարիներ շարունակ ուժեղ կազմ  է  հավաքում: Այնտեղ , կանանց զուգախաղերում,  նա կընկերակցի  Լիլիթին:  Վերջինը, ի դեպ, ոտքի վնասվածքից հետո առաջին անգամ  կելնի ասպարեզ :

Որոշված է չորս մարզիկ գործուղել  Իսրայելի միջազգային մրցաշար, որը նախատեսված է մարտին: Մինչ այդ մեր մարզիկները պետք է   փետրվարին մասնակցեին Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը: Բայց կազմակերպիչ  երկիր  Ֆինլանդիան,  կորոնավիրուսի պատճառով,  հրաժարվել  է  և հիմա մարզաձևի եվրոպական ֆեդերացիան նոր մրցավայր է փնտրում:

Ծրագրով  նախատեսված է մերոնց մասնակցությունը Սերբիայի հունիսյան միջազգայինին, իսկ հոկտեմբերին՝ աշխարհի առաջնությանը, որի մրցավայրը, ավաղ, դեռևս հայտնի չէ:

Այլ նորություններ