Բանակային սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարին: Այն մարզական կազմակերպություն է, որի նպատակն է բարեկամական կապեր ստեղծել անդամ երկրների զինված ուժերի միջև: Կառույցի կարգախոսն է ՝ << Բարեկամություն սպորտի միջոցով >> : Խորհուրդը տարբեր մարզաձևերից անցկացնում է տարեկան շուրջ 20 աշխարհի առաջնություն ու քառամյակը մեկ ՝ ամառային և ձմեռային բանակային խաղեր:
Մարզական առաջին միջոցառմանը մասնակցել է ընդամենը հինգ երկիր. Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Հոլանդիա, Լյուքսեմբուրգ:
ՄՕԿ –ից հետո 73 տարվա կենսագրությամբ մարզական այդ կազմակերպությունը ամենաազդեցիկն է համարվում:
Միության անդամ է նաև մեր երկրի համապատասխան կառույցը:
Ընդամենը ամիսներ առաջ, սեպտեմբերին, Մոսկվայում անցկացված բանակային բռնցքամարտիկների աշխարհի 59 –րդ առաջնությունում մեր պատվիրակներից երկուսը ՝ Արմեն Մաշակարյանը / 69 կգ / և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: Հատկապես այդ մրցաշարում բացահայտվեցին Չալոյանի մարզական – մարտական, կամային բարձր հատկանիշները: Դա գյումրեցու մասնակցությամբ միջազգային առաջին պաշտոնական մրցաշարն էր, որի շնորհիվ նա մեծ ռինգում հանդես գալու որոշ փորձ ձեռք բերեց: Արդյունքում Դավիթը սպասելիքները գերազանցեց, քանզի Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի պատվավոր կոչումը:
Հերթը բանակային ըմբիշներինն է: Թեհրանում նրանք կմասնակցեն նոյեմբերի 21 -24 –ը անցկացվելիք ազատ և հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի 35 -րդ առաջնությանը: Նախնական տվյալներով հայտավորվել է 22 երկրի ավելի քան 300 մարզիկ:
Մեր թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. ազատ ոճ ՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Հարություն Մանուկյան (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Մենուա Յարիբեկյան (74 կգ), Հրայր Ալիխանյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Հովհաննես Մխիթարյան (92 կգ), Լյովա Գևորգյան (125 կգ):
Հունահռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Նորայր Հախոյան (60 կգ), Մուրադ Հարությունյան (63 կգ), Սամվել Աղաջանյան (67 կգ), Կարեն Ասլանյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Արտավազդ Վարդանյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Շահինյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):