<< ԵՐԿՈՒ ՄԱՐՏԻԿ >>

10:17 - 02 Նոյ, 2021

Բելգրադում եզրագծին է  մոտենում բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Այսօր հայտնի կդառնան մրցաշարի մեդալակիրները: Հուսանք, որ նրանց թվում կլինեն ասպարեզում մնացած Հայաստանը ներկայացնող երկու գյումրեցիները՝ Հովհաննես Բաչկովը / 63 , 5 կգ /  և    գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Նրանք հերթական փուլում կրկին հաղթանակ տարան, մտան քառորդ եզրափակիչ և այսօր իրենց ունակությունները կդրսևորեն կիսաեզրափակիչ մտնելու ու մեդալակիր դառնալու համար:

Ցերեկային մրցահերթում  Դավիթը կմրցի ուզբեկ  Լազիզբեկ Մուլուջոնովի հետ: Նրանք միմյանց մարտաոճին լավատեղյակ են: Վերջերս ՝ սեպտեմբերին են մրցել Մոսկվայում անցկացված բանակային մարզիկների աշխարհի առաջնությունում: Այն ժամանակ առավելության հասավ մրցակիցը և գյումրեցին բավարարվեց <<բրոնզով>>:  

Նույն մրցակիցների միջև ժամեր հետո կայանալիք մենամարտում հոգեբանական առավելություն կունենա ուզբեկը: Թեև չի բացառվում, որ նրա համար նույնպես տեսանելի է Դավթի վարպետության աճը իրար հաջորդած հաղթական մենամարտերում: Հավատանք , որ պատվասեր գյումրեցին այսօր վրեժխնդիր կլինի,կհաղթի Մուլուջոնովին, կմտնի կիսաեզրափակիչ և իր համար կապահովի առնվազն բրոնզե պարգև:

Երեկոյան մրցահերթում Բաչկովը կհանդիպի  թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի հետ: Հայ վարպետը նրան հաղթել է երկու տարի առաջ՝ կրկին աշխարհի առաջնությունում: Վստահ լինենք, որ օլիմպիական խաղերի գյումրեցի մեդալակիրը հավատարիմ կմնա իր կոչմանը և հաղթանակով  կհաստատի իր բարձր կարգը:

 

 

Այլ նորություններ