Հայաստանը բարի լուր ստացավ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունից:
Հրաշալի հաղթանակներով իր մրցելույթները սկսեց մեր չորս տղաներից առաջինը մրցագորգ ելած Արսեն Հարությունյանը / 61 Կգ /: Նա նախնական փուլերում մեծ առավելությամբ հաղթանակներ տոնեց համապատասխանաբար ղազախստանցի, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի / 18 : 10 /, բահրեյնցի, աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր, Ալիբեգ Ալիբեգովի / 8 : 2 / նկատմամբ և մտավ կիսաեզրափակիչ:
Խոսուն հաղթանակներն ըստ էության թուլացրին Արսենի զգոնությունը, որից անմիջապես օգտվեց ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսը: Պայքարի սկզբից ևեթ Ֆիքսը անակնկալ գրոհով գետնեց մեր վարպետին, ապա ակնթարթորեն կատարեց գլորումների շարք, որին հաջորդեց գոտեմարտի ավարտը ազդարարող հրահանգը:
Ցավալի պարտությունից ապատիայի մատնված Արսենը գլուխն առել էր ափերի մեջ, իսկ անակնկալ հաղթանակից ոգևորված մրցակիցը ուրախությունից հրճվում էր: 34 վայրկյան և 0 : 10 հաշվով պարտություն: Այդ առիթով բոլորս ափսոսեցինք:
Թվում էր, թե ձախողումից իրեն կորցրած կլինի մեր մարզիկը: Բայց նա հավաքվեց, գիտակցեց , որ ինքը թույլ վարպետ չէ և կամային բարձր որակներ, անկորտրում կամք դրսևորելու և իր հնարքների հարուստ զինանոցը օգտագործելու պարագայում, կարող է հաղթել միլիարդանոց բնակչություն ունեցող Հնդկաստանի պատվիրակ Ռավինդեր Ռավինդերին:
Եվ Արսենը իրենն արեց. 10 : 0 հաշվով իր օգտին ժամանակից շուտ հաղթանակ գրանցեց ու կանգնեց պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
Ի դեպ, ամերիկացի Ֆիքսը ոսկու համար պայքարում պարտվեց Ռուսաստանի պատվիրակին:
Հաջողության առթիվ շնորհավորում ենք ընթացիկ մրցաշրջանի Եվրոպայի չեմպիոն և արդեն աշխարհի բրոնզե մեդալակիր, 21 -ամյա Արսեն Հարությունյանին:
Հայ մարզասերը մեդալ էր ակնկալում նաև մեր մեկ այլ առաջատար վարպետ Վազգեն Թևանյանից / 65 կգ /: Ավաղ , այս անգամ նա ձեռնունայն կվերադառնա հայրենիք:
Այսօր պայքարի կբռնվեն մեր ևս երկու ըմբիշներ: Արման Ավագյանը / 79 կգ / կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Արման Անդրիասյանի / 70 կգ / համար կտրվի աշխարհի առաջնության մեկնարկը: