ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ

09:47 - 21 Սեպ, 2021

Սիրելի մարզիկներ,  մարզիչներ, մարզաշխատողներ : Մեր երկիրը տոնում է իր անկախության հոբելյանական `  30-րդ տարեդարձը :

Դժվարին  էր   անկախության սկիզբը: Բայց հայ  ժողովուրդը  տոկաց, հաղթահարեց իր առջև ծառացած  բազում արգելքները:

Անկոտրում կամք դրսևորեցիք նաև դուք, մարզաշխարհի հարգարժան  ներկայացուցիչներ, քանզի  բարձր  պահեցիք  մեր զինանշանի,  դրոշի և օրհներգի պատիվը:  Ձեր  բազում հաղթանակների շնորհիվ աշխարհի տարբեր ծեգերում նպաստեցիք մեր հայրենիքի ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը:

Հաջողությունները շատ են:  Բայց դուք ձեռք բերածով չեք բավարարվում և շարունակում եք ձեր անդուլ աշխատանքը: Այդ է վկայում նաև  անցած օգոստոսին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած ամառային  32 –րդ օլիմպիական խաղերը:

Հպարտությամբ պետք է ընդգծել, որ Հայաստանի պատվիրակները հաղթահարեցին բոլոր անցանկալի մարտահրավերները, դրսևորեցին հայ մարդուն բնորոշ անկոտրում կամք, հաղթելու բուռն ցանկություն և արդյունքում մեր եռագույնը, ի նշան հաջողության, քանիցս փողփողալով վեր խոյացավ` մեր պատվիրակության հաշվեկշռին գրանցելով երկուական արծաթե և բրոնզե մեդալ:

Դուք լավ եք գիտակցում առաջիկա միջազգային պատասխանատու  մրցաշարերի կարևորությունը: Նկատի ունենք ընթացիկ մրցաշրջանի վերջին եռամսյակում կայանալիք խոշոր ստուգատեսների ակորդները: Դրանք  Հայաստանի ներկայացուցիչների  մասնակցությամբ աշխարհի առաջնություններն են:

ՀՀ անկախության  30-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորում ենք  մեր ժողովրդին, հայոց  մարզաշխարհի մարդկանց և  ակնկալում նորանոր նվաճումներ :

Բարի տարեդարձ, անկա՛խ Հայաստան:

 

                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Այլ նորություններ