Օլիմպիական խաղերի չեմպիոնական ճանապարհին, կիասաեզրափակիչ փուլում , հունահռոմեական ոճի մեր ըմբիշ, դեռևս երեկվա գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ծանր վնասվածք ստացավ: Բայց նա իր մեջ ուժ գտավ, պայքարը շարունակեց մինչև հաղթական ավարտ և մտավ եզրափակիչ:
Չեմպիոնության համար Արթուրը պայքարի բռնվեց իր վաղեմի մրցակից, ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ: Սկզբից ևեթ երևաց, որ վնասվածքն այնուամենայնիվ թողել է իր հետքը: Արթուրի վառոդամանում կարծես պաշարը պակասել էր: Ճիշտ է, անկոտրում կամքի տեր մեր ըմբիշը, հաղթահարելով տանջալի ցավը, ամեն ջանք գործադրեց չեմպիոնի կոչումը պահպանելու համար: Բայց, ինչ արած, նա պարտվեց / 1 : 5 / ու իր կոչումը զիջեց մրցակցին:
Ասում են, որ մեծ սպորտի աստղերի պարագայում, պարտությունը թողնում է իր հետքը: Հուսահատվում են, բայց դա սպորտ է: Թեև պարտվողները որոշ ժամանակ անց ասում են, թե արդեն վերականգնվել են, բայց այդպես չէ: Հնարավոր չէ պարտվել ու ասել ՝ ամեն բան նորմալ է:
Արթուրն այս խաղերում ձախողվեց: Հարկավոր է լուրջ հետևություն անել, իրական պատճառը գտնել, հասկանալ ու դրա դեմն առնել: Մարզական վերլուծաբաններն ու հեղինակավոր մասնագետները մեկնաբանում են, որ շատ դեպքերում ժամանակակից սպորտում վնասվածքներ ստանում են հիմնականում ոչ լիարժեք ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականություն ունեցող մարզիկները: Գուցե ասածը ճիշտ է: Այդ հարցին թող անդրադառնան համապատասխան մասնագետները:
Արթուր Ալեքսանյանը Տոկիոյից հայրենիք կվերադառնա որպես օլիմպիական փոխչեմպիոն: Դա մեծ պատիվ է ցանկացած մարզիկի համար:
Գյումրեցու պարագայում սփոփանք է նաև այն, որ նրա օլիմպիական մեդալների հավաքածույում ազատ էր << արծաթի >> տեղը: Տոկիոյում մեր անվանի ըմբիշը լրացրեց այդ բացը, և նա արդեն օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր է:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզասերների անունից շնորհավորում է մեր սիրելի ըմբիշին: