Հայաստանի սպորտային մարմնարզության վարպետները օլիմպիական խաղերում նվաճել են վեց ոսկե և չորս արծաթե մեդալ: Պարգևների այդ հավաքածուում պակասում էր բրոնզը : Եվ ահա այդ բացը այսօր լրացվեց:
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից առաջինը հանդես եկավ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա գերազանցեց սպասելիքները և առաջին տեղով, հենացատկում մտավ եզրափակիչ: Հաճելի այդ փաստը մեդալ ունենալու հույս ներշնչեց, թեև հայտնի է, որ օլիմպիական խաղերը որպես ուժերի ստուգատես, տարբերվում է մյուս բոլոր մրցաշարերից:Խաղերում մեդալակիր դառնալը մեծ երջանկություն է է ցանկացած վարպետի համար: Նման պատվի արժանացավ Արթուր Դավթյանը:
Ուժեղագույն ությակի պայքարի մասնակիցները գերազանց գիտեին միմյանց առավելություններն ու թերությունները: Այդ հանգամանքը մասնակիցներին ստիպում էր մարզական հատկանիշներից առավելապես կարևորել տակտիկական պայքարը: Սա բարոյակամային, հոգեբանական բարձր պատրաստականություն է պահանջում մասնակիցներից: Հայ մարզասերի համար, անտարակույս, հաճելի էր հետևել մեր միակ ներկայացուցչի օլիմպիական հանդարտությանը և կատարողական բարձր արվեստին: Արդյունքը եղավ այն , որ նա նվաճեց բրոնզե մեդալ և լրացրեց իր նշանավոր նախորդների վաստակած մեդալների հավաքածուում եղած բացը:
Իհարկե, շատ էինք ուզում Արթուրին տեսնել առաջին աստիճանին, որը լիովին համապատասխանում է նրա վարպետության աստիճանին: Բայց չմոռանանք, որ բրոնզն էլ ազնիվ մետաղ է և դրա բազմապատիկ կշռի չափով մարզումներում քրտինք է թափել երևանցի երիտասարդը:
Կարելի է ենթադրել, որ Արթուրը չի հրաժարվում օլիմպիական չեմպիոն դառնալու նպատակից, որը կարող է իրականացնել ընդամենը երեք տարի հետո, Փարիզում կայանալիք համաշխարհային գլխավոր՝ 33 –րդ մարզահանդեսում:
Կեցցես , Արթուր, դու Տոկիո մեկնած Հայաստանի 17 պատվիրակներից առաջինը արժանացար օլիմպիական ուղեգրի և առաջինը դարձար խաղերի մեդալակիր: Դու բարի , հայրենասեր մարզիկ ես և քո հաջողությունը, համոզված ենք, կզարգացնեն մեր մյուս արժանապատիվ օլիմպիականները:
Առաջին եռյակը հետևյալ տեսքն ունի. Ջեահվան Շին / Կորեա, 14.783 միավոր/, Դենիս Աբլյազին / Ռուսաստան, նույնքան միավոր/, Արթուր Դավթյան / 14.733 միավոր /:
Շնորհավորում ենք մեր շնորհալի մարմնամարզիկ Արթուր Դավթյանին և նրանից ակնկալում առավել խոսուն հաղթանակներ:
Լուսանկարները ՝ Ասատուր Եսայանցի / Տոկիո – Երևան /: