Այսօր ՝ հուլիսի 29 –ի լուսաբացին, հայ մարզասերին ուրախացրեց վանաձորցի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա օլիմպիական խաղերում իր առաջին մրցելույթն ունեցավ: Սլովակ Անդրեյ Շեմեզի հետ նրա մենամարտում գրանցվեցին հակադիր պատկերներ:
Առաջին ռաունդում Արմանն իրեն նման չէր և մրցավարները նախապատվությունը տվեցին մրցակցին:
Երկրորդ ռաունդի միջնամասում լոռեցին պատրաստականությամբ սկսեց նմանվել իրեն և ռաունդում կարողացավ միավորներով պոկել հաղթանակ:
Վերջին ՝ երրրոդ փուլում արդեն գործում էր ինքը՝ շնորհալի Արման Դարչինյանը: Բազմաբնույթ գործողությունների շնորհիվ նրա մրցակիցն ասես դարձավ պատանեկան ստուգատեսի մասնակից, թեև նա եվրոպականի մրցանակակիր է: Այնքան մեծ էր հայորդու ճնշումը , որ սլովակցին անընդհատ դիմում էր բռնվածքների, որոնց պատճառով ռինգի մրցավարից նկատողություն ստացավ ՝ կորցնելով միավոր:
Կողային բոլոր հինգ մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին: Նա օգոստոսի մեկին, քառորդ եզրափակիչում կմրցի ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ: